ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը, «Ինստագրամ» սոցիալական կայքում ինքնարժեքից ցածր գներով տարբեր ապրանքանիշերի օղիների վաճառքի վերաբերյալ հայտարարություն տեսնելով, նախնական համաձայնության է եկել ընկերոջ հետ և քննությամբ դեռևս չպարզված անձից, առանց ապրանքների ձեռքբերումը հիմնավորող, օրենդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության, 1 շշի համար վճարելով 600 ՀՀ դրամ, ձեռք է բերել «ՀՍՏ 273-2007» պետական ստանդարտին չհամապատասխանող, կեղծ ակցիզային դրոշմանիշներով, 200 շիշ տարբեր տեսակի կեղծ օղիներ և փոխադրել ընկերոջ բնակարան:
Վերջինս, օժանդակելով ընկերոջ հանցավոր գործողություններին, հիշյալ կեղծ օղիների մի մասը վաճառել է՝ յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամով, 6 շիշն օգտագործել է, իսկ 163 շիշը հայտնաբերվել է բնակարանի խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 29-ամյա երիտասարդի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ 38-207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
Տաշիր քաղաքի 29-ամյա բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս հոկտեմբեր ամսին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ալկոհոլային կեղծ խմիչք և կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու մասով քրեական գործի վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: