ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի մեկնարկին ներկայացրեց մշակույթի գծով նորանշանակ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին, այնուհետև անդրադարձավ նախարարության նպատակներին և խնդիրներին:
«Նախադպրոցական կրթության հասանելիության բարձրացման խնդիրն ենք մենք դրել մեր առջև որպես կարևորագույն խնդիր»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ 20 բնակավայրում կառուցվել են մոդուլային մանկապարտեզներ:
Նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների ներդրում է իրականացվել 10 բնակավայրում. յուրաքանչյուրին տրամադրվել է շուրջ 7.8 միլիոն դրամ դրամաշնորհ:
Նախարարի խոսքով՝ նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման նոր կարգ է հաստատվել: Բովանդակային բարեփոխումներ են տեղի ունեցել նախադպրոցական կրթության ոլորտում:
«Կառավարության որոշմամբ կատարվել է նախադպրոցական կրթության չափորոշչի հաստատում և դրա հիման վրա նախադպրոցական կրթական ծրագրերի մշակում, նախադպրոցական հաստատության մանկավարժի մրցութային ընտրության կարգի հաստատում, տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի հաստատում»,- ասաց Դումանյանը:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ Դումանյանը հիշեցրեց, որ Կառավարությունը նշված բնագավառում լայնածավալ գործունեություն է իրականացնում. կապիտալ բնույթի ծախսեր են իրականացվում դպրոցաշինության բնագավառում:
«2021-ին ԿԳՄՍՆ բյուջեում տարբեր ծրագրերով կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել 88 դպրոց: Ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել՝ չհաշված լաբորատոր սարքավորումների և գույքի գնման աշխատանքները»,- ասաց նա:
107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել է ընդհանուր առմամբ 335 լաբորատորիա: Ընթացքի մեջ է Տավուշի մարզի 80 դպրոցի համար լաբորատորիաների մատակարարումը:
«Կառավարության որոշմամբ Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում կստեղծվեն 14 ինժեներական լաբորատորիաներ»,- հայտնեց նախարարը: