ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿԱՅՈՒՆԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂ-ՈՒՄ. ՇՈՅԳՈՒ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարել են բարդ առաջադրանքները՝ կայունացնելով իրավիճակը՝ ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նշել, որ այժմ քայլեր են ձեռնարկվում պլանային աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: «Աստիճանաբար կյանքը վերադառնում է տարածաշրջան։ Ավելի ու ավելի շատ խաղաղություն ու հանգստություն կա այնտեղ»,- նշել է Շոյգուն: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր հրամանատարներին, զինվորականներին, շարքայիններին Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլ մասերում իրականացրած ծառայության համար:
ԹԵՀՐԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՄԲ
Թեհրանը շահագրգռված է Հարավային Կովկասում երկաթուղային բոլոր հաղորդակցությունների շուտափույթ վերականգնմամբ՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանը հետաքրքրված է նաև տարածաշրջանում տարբեր երթուղիների շահագործմամբ: Աբդոլլահիանը անդրադարձել նաև է Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ ընդգծելով, որ ենթակառուցվածքների վերականգնումը մեծ ներդրում կլինի Իրանի և Ադրբեջանի տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցությանը:
ՌԴ-ԱՄՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ
Ռուսաստանը կպաշտպանի իր ազգային շահերը ԱՄՆ-ի հետ բանակցություններում՝ հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան, շարունակելով պաշտպանել իր շահերը, հրաժարվելու է զիջումներից։ Այսօր ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստան-ԱՄՆ խորհրդակցությունները անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախատեսված են հունվարի 10-ին Ժնևում։ Դրանցի հետո Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը կկայանա Բրյուսելում:
ԵՌԱԿՈՂՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՔԱԲՈՒԼԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Թուրքիան, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են Քաբուլում Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը կառավարել եռակողմ հիմունքներով՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մինչև թալիբների իշխանության գալը Թուրքիան ղեկավարել է Քաբուլի օդանավակայանի ռազմական թևը ՆԱՏՕ-ի գծով։ Քաղաքացիական մասը ղեկավարել է ԱՄԷ-ն»,- ասել է Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Թուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են Քաբուլի օդանավակայանի համատեղ կառավարման մասին։ Վերջերս Թուրքիայից տեխնիկական պատվիրակություն էր մեկնել Դոհա՝ կատարական կողմի հետ գործողությունները համակարգելու համար։ Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Կատարն ու Թուրքիան օդանավակայանի շահագործման հարցում դեռևս համաձայնության չեն եկել թալիբների հետ: «Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ կուսումնասիրեն տարբեր երկրների առաջարկները։
ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՄՔՈՎ
Մոլդովայի և Ռումինիայի միավորումը, որին ձգտում են Բուխարեստը և Քիշնևում մի շարք քաղաքական ուժեր, հնարավոր է մոլդովացիների ճնշող մեծամասնության համաձայնության դեպքում: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նա նշել է, որ հանրության մի հատվածը աջակցում է այդ գաղափարին, իսկ մյուսը՝ դեմ է արտահայտվում և միավորումը կարող է տեղի ունենալ միայն հասարակության ճնշող մեծամասնության համաձայնությամբ: Սանդուն հավելել է, որ երկու երկրների կառավարությունները վարում են հումանիտար, էներգետիկ և այլ ոլորտներում մերձեցման քաղաքականություն:
Մոլդովայի նախագահն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հարցին: «Մեր սահմանադրության մեջ նշված է, որ Մոլդովան չեզոք երկիր է, դա ոչ ոք չի փոխել։ Նման նախաձեռնություններ ներկայումս չկան»,- ասել է Սանդուն: