Խորհրդային և ռուսական կինոյի ամենահմայիչ ու սիրված դերասանուհիներից մեկին Երևան են բերել ընտանեկան սերտ կապերը: Եվգենիա Սիմոնովան Երևանում է ոչ պակաս հռչակավոր ամուսնու՝ կինոռեժիսոր Անդրեյ Էշպայի հետ: Հայտնի արտիստական զույգը Հայաստան է եկել իրենց դստեր ամուսնու՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտ, առաջին շեփորահար Ուիլյամ Կաստալդիի հրավերով՝ Երևանում նշելու Սուրբ Ծննդյան տոնը: Արդեն դիտել են «Երեք տենոր» համերգային ծրագիրը և չափազանց տպավորված են:
Անդրեյ Էշպայ (կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր) - Մենք բացարձակ երջանիկ ու մշակույթով հագեցած երեք օր ապրեցինք ձեր չափազանց հյուրընկալ քաղաքում: Իսկ երեք տենորների համերգը պարզապես հրաշալի էր՝ սքանչելի երգիչներ և եվրոպական մակարդակի բարձրակարգ նվագախումբ: Իսկական տոն էր:
Ե՛վ Սիմոնովան, և՛ Էշպայը առաջին անգամ չէ, որ Հայաստանում են, երկուսն էր այստեղ եղել են մանկական տարիքում: Անդրեյ Էշպայն անգամ հիշում է Ռուսական մշակույթի օրերը, որի ժամանակ իր հայրը՝ կոմպոզիտոր Անդրեյ Էշպայը, նվագում էր իր դաշնամուրային կոնցերտը: Հայրը ուսանել էր Արամ Խաչատրյանի մոտ և հոգևոր հարազատությամբ կապված էր մեծ կոմոպոզիտորին: «Սովորական հրաշք», «Աֆոնյա» և «Մարտի են գնում միայն ծերունիները» ֆիլմերի սիրված դերասանուհին այսօր էլ մտածում է նոր դերերի ու կերպարների մասին:
Եվգենյա Սիմոնովա (Կինոյի և թատրոնի դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստ) - Անդրեյի «Բազմակետ» ֆիլմը նվեր էր 50-ամյակիս, լավ հնարավորություն նման մեծ ու դրամատիկ դեր խաղալու: Ինձ ավելի շատ հիշում են հին ֆիլմերով, բայց տարիներն անցնում են, ես արդեն 66 տարեկան եմ և ուզում եմ ուրիշ դերեր խաղալ:
Իտալացի Ուիլյամ Կաստալդին չափազանց ուրախ է նրանց Երևանում հյուրընկալելու համար, ասում է՝ իր ռուսական ընտանիքը անհավատալի ջերմ ու սիրառատ է:
Ուիլյամ Կաստալդի (երաժիշտ, շեփորահար) - Իմ ռուսական ընտանիքը պարզապես հեքիաթային է, և սրանով ամեն ինչ ասված է: Ի սկզբանե ես ինձ ընտանիքի մաս զգացի: Ես չգիտեի, թե ինչ մեծ արտիստներ են նրանք, չափազանց բարձր եմ գնահատում նրանց ազնվությունն ու ջերմությունը:
Իսկ ֆիլհարմոնիկ նվագախումբը հաճելի անակնկալ է նախատեսում դերասանուհու երկրպագուների համար: Երևանյան այցի ընթացքում կքննարկվի Եվգենյա Սիմոնովայի հետ համատեղ համերգային նախագծի հնարավորությունը, որի ընթացքում դերասանուհին հանդես կգա իր սիրելի պոետների բանաստեղծությունների ընթերցանությամբ: