Որ ցուրտը չընդհատի աշխատանքը, շինարարները շտապում են օր առաջ ավարտել Վարագավանի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման, ջրաչափերի տեղադրման աշխատանքները: Մինչև Տավուշում ձյան առաջին տեղումները՝ հասցրել են 100 ջրաչափ սարք տեղադրել, ևս 72-ի աշխատանքն ընթացքի մեջ է:
Սամվել Եղիկյան, Վարագավան համայնքի վարչական ղեկավար - Սա մեծ ծրագրի մի մասն է, որ իրականացվում է Բերդ խոշորացված համայնքում, հինգ գյուղերում ևս իրականացվում են նմանատիպ ծրագրեր:
Վարագավանից բացի Բերդ խոշորացված համայնքի Նորաշեն, Արծվաբերդ, Վերին Ծաղկավան և Տավուշ գյուղերում ևս ջրաչափեր են տեղադրվում ջրի կորուստը կանխելու, նպատակային օգտագործելու համար:
Մանվել Մանուչարյան, Վարագավան համայնքի բնակիչ - Ջուրը հավասար կօգտագործվի, մեկին շատ չի բաշխվի, մյուսին՝ քիչ:
Տավուշի գյուղերում 24-ժամյա խմելու ջրի հարցը պետություն-համայնք գործակցությամբ է լուծվում՝ սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր արժեքը մոտ 614 միլիոն դրամ է: Կառավարության ներդրումը 70 տոկոսը՝ 430 միլիոնը, Բերդի համայնքապետարանինը՝ 184 միլիոնը:
Անցնող տարում Բերդ խոշորացված համայնքում ևս երկու սուբվենցիոն ծրագիր է իրականացվել՝ ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, սալիկապատում, լուսավորության անցկացում: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 միլիարդ 260 միլիոն դրամ է:
Սամվել Հովսեփյան, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ - Կառավարության ներդրումը 870 միլիոն է, համայնքի ներդրումը՝ 391 միլիոն դրամ:
Ամանորին ընդառաջ, որ Վարագավանում գիշերները լուսավոր լինեն, այս պահին էլ շարունակում են փողոցներում մեկ ու մեկ կմ երկարությամբ լուսավորություն անցկացնել: