Դեկտեմբերի 27-ին կատարվել է 121 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 63 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31 991 քաղաքացու հետազոտություն, որից 4772-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արձանագրվել է 1 մահ: 73-ամյա հիվանդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի վնասում, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ:
Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Նախարարությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: