Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Արցախի առողջապահության նախկին նախարարը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դժգոհ լինելով Արցախի առողջապահության նախարարության կողմից հիմնադրված «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գործունեությունից և ունենալով նրան աշխատանքից ազատելու անձնական նպատակ ու իր համոզմամբ աշխատանքից ազատելու հիմքեր, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու փոխարեն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 05.08.2020 թ. Արցախի առողջապահության նախարարության անունից ստորագրել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) գործադիր տնօրենի հետ կնքված թիվ 349 առ 04.04.2019 թ. աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ որպես գործատուի ներկայացուցիչ պետության անունից ստանձնելով աշխատանքային պայմանագրով նախատեսված՝ չաշխատած ողջ ժամկետի համար գործադիր տնօրենի պաշտոնային դրույքաչափով սահմանված աշխատավարձի գումարը միանվագ վճարելու պարտավորություն, որի հետևանքով Արցախի Հանրապետությունից հօգուտ աշխատողի բռնագանձվել է ընդհանուր 5.591.357 դրամ գումար՝ այդ կերպ պետությանը պատճառելով էական գույքային վնաս:
Վերը նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման համար Արցախի առողջապահության նախկին նախարարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում` Արցախի քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման մեղադրանքով:
Նախաքննության ընթացքում Արցախի պետական բյուջե է վերադարձվել պետությանը պատճառված վնասը՝ 5.591.357 դրամ գումարը:
Նկատի ունենալով, 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձանց առնչությամբ Արցախի դատախազության կողմից որդեգրված միասնական և համընդհանուր քրեական քաղաքականությունը, հիմք ընդունելով ենթադրյալ հանցանք կատարած անձի կողմից 2020թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին առողջապահական ոլորտում իրականացված աշխատանքների ակտիվ համակարգումը և անձնական մասնակցությունը, ներկայումս պետական ծառայության մեջ չգտնվելը, պետությանը պատճառված վնասը լրիվ վերականգնված լինելը և կատարած արարքի համար զղջալը, քրեական գործով հսկող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից որոշում է կայացվել ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: