Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվել է մրցումային երկրորդ օրը:
Կայացած 9 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 6,5 միավորով կիսում է 5-13-րդ տեղերը: Ընդհանուր առմամբ, Հովհաննիսյանը տարել է 5 հաղթանակ, խաղացել է 3 ոչ-ոքի և կրել 1 պարտություն:
Նշենք՝ առաջնության 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով մրցել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել։ Այս պահի դրությամբ առաջնության միանձնյա առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 7,5 միավորով։
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը վաստակել է 6 միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սերգեյ Մովսեսյանն ունի 5,5, Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 5-ական, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը՝ 4,5-ական, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4-ական, Հովհաննես Գաբուզյանը՝ 3 միավոր։
Կանանց պայքարում էլ Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը վաստակել է 5,5, Սուսաննա Գաբոյանը՝ 1,5 միավոր: Առաջատարը 7,5 միավորով Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկն է:
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կանցկացվի արագ շախմատի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը։
Դեկտեմբերի 29-30-ին էլ կանցկացվի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը։