Ֆրանսիայում համավարակի սկզբից ի վեր COVID-19-ով հիվանդացության առավելագույն բարձր ցուցանիշների պայմաններում երկրի կառավարությունը խստացնում է սահմանափակող միջոցառումները՝ հայտնում է Euronews-ը:
Դեկտեմբերի 25-ին երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 104 հազար նոր դեպք։ Ավելի քան 16 հազար մարդ գտնվում է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցներում։
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը և առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտնել են վերապատվաստման ժամկետը չորս ամսից մինչև երեք ամիս կրճատելու մասին: QR կոդերը կտրամադրվեն միայն պատվաստվածներին: Ընդ որում՝ խստացվում է պատվաստումների մասին փաստաթղթերի կեղծման համար պատիժը։
Նոր սահմանափակումներ կկիրառվեն սննդի կետերում, ժամանցի վայրերում և զանգվածային միջոցառումներին: Բոլոր հիմնարկությունները պարտավորվում են աշխատակիցներին ուղարկել հեռավար աշխատանքի, եթե հնարավոր է նման կերպ կազմակերպել աշխատանքը: