Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստն է՝ արտահերթ: Օրակարգի 22 հարցից առաջինը քաղաքապետի առաջին տեղակալի ընտրությունն է: «Իմ քայլի» թեկնածուն խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանն է: Կարճ ինքնակենսագրականի ներկայացումից հետո Հովհաննիսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
Ավագանու որոշմամբ՝ այս տարվա բյուջեից 347 միլիոն դրամ կուղղվի «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը` բնականոն գործունեությունն ապահովելու համար: Ավարտելով 21-ի վերաբաշխումները՝ ավագանին անցավ 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: Հաջորդ տարի այն կկազմի 94 մլրդ 560 մլն դրամ:
Սերգեյ Ներսեսյան, Երևանի քաղաքապետի տեղակալ - Ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված նույն ցուցանիշին՝ շուրջ 2.2 մլրդ դրամի չափով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 34.5 մլրդ դրամ՝ 2021 թվականի նախատեսվածից 3.8 մլրդ դրամով ավել կամ 12.5 տոկոսով ավել:
Հաջորդ տարի բյուջեից 5.8 մլրդ դրամ կհատկացվի 22 նախադպրոցական հաստատությունների կառուցմանն ու վերանորոգմանը, որից 2.8 համայնքային միջոցներն են, 2.9 մլրդը՝ կառավարության սուբսիդավորումը, 1.8 մլրդ՝ բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգմանն ու պահպանմանը, 1.1 մլրդ դրամ՝ վերելակների հիմնանորոգմանը: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական կազմակերպություններին համայնքային բյուջեից հատկացվող միջոցները կրկնապատկվել են՝ հաջորդ տարվա համար կազմելով 500 մլն. դրամ: Կհիմնանորոգվի 4 բուժհաստատություն:
Սերգեյ Ներսեսյան - Ընդհանուր՝ ավտոբուսների ձեռքբերման, մաքսազերծման համար ծախսվել է 9.2 մլրդ դրամ, դա ավտոբուսների ձեռքբերման գինն է, 1.5 մլրդ նստել է մաքսատուրքը, 2 մլրդ դրամ կազմել է ԱԱՀ-ն, որը կառավարության կողմից տրամադրվել է, մենք մեր միջոցներով վճարել էինք, ներկայում ձեր որոշման շնորհիվ 2 մլրդ-ը վերականգնվեց:
Պետությունը նաև վարկ է տրամադրել 100 հատ 12 մետրանոց ավտոբուս ձեռք բերելու համար՝ հիշեցնում է քաղաքապետ Սարգսյանը: Մրցույթի երկրորդ փուլով մասնակիցները կներկայացնեն արդեն գնային առաջարկները: Եվս 100 նոր՝ 8.6 մետրանոց ավտոբուս էլ ձեռք կբերվի համայնքային բյուջեով:
Հրաչյա Սարգսյան, Երևանի քաղաքապետ - Այս տարի երևի չենք հասցնի, բայց, այնուամենայնիվ, տրանսպորտային ոլորտի բարեփոխումների ու տեսլականի հետ կապված՝ համայնքում մենք միջոցառում կունենանք, որտեղ ես ավագանու բոլոր անդամներին և հանրությանը կներկայացնեմ, թե որ ուղղությամբ ենք գնում առաջ և ինչ անելիքներ կան:
Բյուջեի նախագիծը 36 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունվեց: Ավագանին հաստատեց նաև Երևանի զարգացման 2022թ. ծրագիրը, որում 25 հիմնախնդիր և առաջնահերթություն է ներառված:
Վահագն Գրիգորյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար - Կարևորովում է բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումն ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար, մասնավորապես՝ հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի ու բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը, սակավաշարժ քաղաքացիների համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը:
Տարեվերջյան նիստը փակում են Երևանի օրհներգի հնչունների ներքո, հաջորդ նիստը կգումարվի 2022թ. փետրվարի 8-ին: Այդ նիստում արդեն ավագանու «Իմ քայլը» խմբակցության կազմում նոր անուններ կլինեն: Ավագանու մանդատը վայր դնելու դիմում են ներկայացրել Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը և Ռուբեն Հայրապետյանը, իսկ Վահե Գևորգյանը դուրս է եկել խմբակցությունից: Ավագնու վերջին նիստին նաև «Իմ քայլը» խմբակցության նոր 2 անդամի մասին հայտարարեց քաղաքապետը՝ Գրիգոր Երիցյանին և Գայանե Վարդանյանին կփոխարինեն Միսակ Սարգսյանը և Գառնիկ Վարդանյանը: