Մինսկի խմբի համանախագահողներն են փոխել մասնակցության ձևաչափը՝ այսօր հայտարարեց երկրորդ նախագահը՝ խոսելով Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու իրեն ուղղված մեղադրանքներից: Վերհիշելով 90-ականների բանակցային պրոցեսը՝ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց, պատմեց՝ մինչև 97 թվականի հունվարը բանակցություններն ընթանում էին Մինսկի խմբի 9 պետությունների մասնակցության ձևաչափով, որոնք, ըստ երկրորդ նախագահի, ավելի շատ ինտելեկտուալ վարժանքներ էին հիշեցնում: Տեսնելով, որ դրանք արդյունք չեն տալիս, պաշտոնաթող նախագահի խոսքով՝ հենց 97-ի հունվարին ձևավորվեց հայտնի եռյակը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ, և 97-ի ապրիլին էլ հայտարարություն արեցին, որ անցնում են «չելնոկային դիվանագիտության», որին Արցախն ակտիվ մասնակցել է:
Ռոբերտ Քոչարյան (ՀՀ երկրորդ նախագահ) - Այդ ձևաչափը հետո վերացավ, Մինսկի խումբը մնաց, բայց քննարկումները սկսեցին գնալ այլ ձևաչափով, եթե համանախագահները հավաքվեին նույն ձևաչափով, ուրեմն Ղարաբաղը կլիներ նույն ձևով նստած, նույն սեղանի շուրջ: Չեն հավաքել, համարել են, որ արդյունավետ չի, և ճիշտ են համարել, անկեղծ ասած, քանի որ ես մասնակցելուց հետո ասել եմ՝ այլևս ստեղ չեմ գա, քանի որ էս ֆորմատի մեջ հնարավոր չի որևէ բան հասնել, կոֆեբռեյքերով... սենց, սենց...
10 տարի Հայաստանը նախագահած Քոչարյանը պնդեց՝ իր պաշտոնավարման ընթացքում համանախագահողները միշտ այցելել են Արցախ, ու Արցախը գործընթացից դուրս չի եղել: «Հայաստան» դաշինքի առաջնորդի ձևակերպմամբ՝ իսկ հիմա գործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից ու վարչապետի վերջին հայտարարությունը կասկածի տակ է դնում Ղարաբաղի Անկախության հռչակագիրը: Իշխանության դիրքորոշումն արդեն պարզ է, բայց պետք է փորձել չեզոքացնել վտանգը՝ հայտարարեց Քոչարյանը: Փոփոխությունների հնարավորությունը տեսնելով դիվանագիտական հարթակում ակտիվ աշխատանքի մեջ, ընդդիմության ղեկավարն առաջարկեց շանս տալ այն մարդկանց, որոնք այլ կերպ են մտածում և գիտեն ինչ անել:
Ռոբերտ Քոչարյան - Այո՛, ես տեսնում եմ՝ այդ ճանապարհը շատ բարդ է լինելու, առանց կորստի չի լինելու, չենք ստանալու այն ամենը, ինչ մենք կորցրել ենք, բայց որոշ ուղղություններում մենք պատրաստ ենք ինչ-որ բան շտկել, այո՛, նաև կարգավիճակի մասով:
Քայլերի հաջորդականությունը «Հայաստան» դաշինքի առաջնորդը չգաղտնազերծեց, ասաց՝ այդ մասին կարող է պատմել հարցն ուղղած լրագրողին, բայց ոչ հարցազրույցի ձևաչափով, քանի որ վտանգ կա, իշխանությունն այդ ճանապարհն էլ չփակի: 1998-ից մինչև 2008-ը հիմնական բանակցող եղած Ռոբերտ Քոչարյանը Մեղրիի տարբերակից էլ խոսեց, ասաց՝ այդ ժամանակ Արցախը միանալու էր Հայաստանին, Թուրքիայի մասին էլ խոսք չկար, բայց Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը:
Ռոբերտ Քոչարյան - Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանալու է Հայաստանին մի միջանցքով, որը ունենալու էր նույն կարգավիճակը, ինչ Ղարաբաղը։ Միջանցքի լայնությունը, որը փաստաթղթում ձևակերպված չէր, անվտանգության տեսակետից «Գրադի» լայնության երկու կողմերի վրա էր` 42 կմ։ Հիմա դա համեմատեք Ղարաբաղի այսօրվա կարգավիճակի և անորոշության հետ:
Անվտանգային հարցերը ձախողելուց բացի, քարոզչական պատերազմում էլ շարունակում ենք պարտվել հակառակորդին՝ հայտարարեց Քոչարյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ դեպքում ինչո՛ւ է «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակություններում աշխատանքների մասնակցությունից: Նախագահը ընդունեց` իրենց դաշինքի պատգամավորները կարող են օգտագործել այդ ամբիոնները Հայաստանի ազգային շահերը պաշտպանելու համար, բայց չեն անում, քանի որ խմբակցության 29 պատգամավորից 12-ը չեն կարող երկրից դուրս գալ, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Այդ քայլին են գնացել, որ իշխանությունը հանի բոլոր արգելքները:
Ռոբերտ Քոչարյան - Սա խորհրդարանում, իսկ դրանից դուրս իրենց կողմնակիցներին հիասթափեցնում է այն, որ առայժմ արմատական քայլեր չեն արվում: Քոչարյանն ասում է՝ պահը դեռ չի հասունացել, թեև, ըստ իրենց գնահատականների, ընտրությունից հետո իշխանության վարկանիշը շեշտակի անկում է ապրում:
Ռոբերտ Քոչարյան - Մեր գնահատմամբ՝ այդ պայքարը դեռ չի տրանսֆորմացվել ավելի լայն զանգվածով փողոցային պայքար սկսելու, մենք համոզված ենք, որ այդ մարդիկ իրենց հոժար կամքով իշխանությունը չեն թողնելու, և հեռացնելու համար զանգվածային ընդվզումներ...
Պատրաստվում են զանգվածային ընդվզման ու անելու են դա՝ պնդեց Քոչարյանը: Թեև տեղյակ է՝ ընկել է նաև ընդդիմության վարկանիշը, բայց հույս ունի՝ այն վերականգնվող է: Քոչարյանն այսօր հերքեց, որ հանդիպել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, բայց չհերքեց՝ եթե ընտրություն լինի, կմտնեն պայքարի մեջ՝ ինչպես, ոնց, դա դեռ չեն քննարկել: