Նոյեմբերն այս տարի Հայաստանի տնտեսության ամենաակտիվ 2-րդ ամիսն է, ինչն ազդել է տնտեսական ակտիվության ցուցանիշի ընդհանուր աճի վրա: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 11 ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.2 տոկոսով, իսկ միայն նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ աճը կազմել է 13.2 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 16.6 տոկոսով. այդ թվում՝ արտահանումն աճել է 19.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.1 տոկոսով: Շինարարության ծավալն աճել է՝ 6.9, առևտրի շրջանառությունը՝ 7.9, ծառայությունների ծավալը՝ 7.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.7 տոկոսով:
Առաջին ինն ամսում սպառողական գնաճը 7.1 տոկոս է, արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 9.9: Անկում է արձանագրել էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2 տոկոսով:
Կարեն Սարգսյան, տնտեսագետ - Կախված նաև համավարակի տարածումից, նոր շտամի հետ կապված համաշխարհային տնտեսությանը հասցվող որոշակի վնասներից և առկա բազմաթիվ ռիսկերից, տնտեսական աճը դանդաղել է բոլոր երկրներում, դա ազդելու է բնականաբար նաև Հայաստանի վրա և, ըստ այդմ, այս պայմաններում 5.2 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշը, կարծում եմ, նորմալ է:
Ծառայությունների ոլորտն ու առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի տնտեսական աճին էապես նպաստում են, սակայն ընդհանուր առմամբ Քովիդի վնասներից դեռ չենք վերականգնվել՝ կարծում է տնտեսագետ Հայկ Բեջանյանը:
Հայկ Բեջանյան, տնտեսագետ - Նախորդ տարի ունեցել ենք Քովիդով պայմանավորված բավականին խոշոր տնտեսական անկում, և այս տարվա աճի տեմպերը դեռևս բավարար չեն, որպեսզի կարողանանք տալ գնահատական, որ մենք հասել ենք մինչքովիդյան իրավիճակին: Իհարկե, առջևում դեռևս մեկ ամիս կա՝ դեկտեմբեր և, ըստ գնահատականների, դեկտեմբերը ևս նախորդ տարվա համեմատությամբ ավելի ակտիվ կլինի՝ պայմանավորված նախորդ տարվա սպառողական ցածր մակարդակով և այս տարի դրա համեմատ ավելի բարձր սպասվող մակարդակով:
Կորոնավիրուսի հասցրած վնասներից հնարավոր կլինի տնտեսությունը վերականգնել հաջորդ տարվա ընթացքում՝ նշում է Կարեն Սարգսյանը՝ հավելելով, որ այս տարի դրան խանգարող գործոն էր նաև գնաճը:
Կարեն Սարգսյան - Քանի որ անմիջականորեն ազդում է նաև համախառն պահանջարկի վրա, բարձր գների պայմաններում նաև համախառն պահանջարկը նվազելու է, վճարունակ պահանջարկը, սա ցավոտ հիմնախնդիր է, որն աշխարհի գրեթե բոլոր երկրներում առկա է:
Հայաստանի տնտեսությունը բավական արագ տեմպերով է վերականգնվում՝ համեմատած աշխարհի այլ տնտեսությունների հետ: Թե տարեվերջին ինչ արդյունք կունենանք, դեռ հստակ չէ:
Կարեն Սարգսյան - Ըստ երկրների՝ կան մեծ տարբերություններ, օրինակ՝ նավթ արդյունահանող երկրների մոտ տնտեսական աճի ցուցանիշը բնականաբար բարձր է, կապված նավթի անհամեմատ բարձր գնի հետ: Սակայն, եթե վերցնենք օրինակ՝ եվրամիության երկրները, ապա տնտեսական աճի ցուցանիշը ընդհակառակը՝ վերջին այս եռամսյակի ընթացքում, ըստ կանխատեսումների, կրկնակի չափով նվազելու է նախորդ եռամսյակի տվյալներից, իսկ մեզ մոտ նման բան չի եղել, ականատես չենք եղել:
Դեկտեմբերն ակտիվ ամիս է՝ հաշվի առնելով, որ տոնական օրերով պայմանավորված՝ առևտրաշրջանառության ծավալներն աճում են: Տնտեսագետները կանխատեսում են, որ տարվերջին ավելի բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ կունենանք:
Հայկ Բեջանյան - Հավանական է, որ մենք գերազանցենք 6 տոկոսանոց տնտեսական աճի հորիզոնը, և տնտեսական աճը կլինի 6-7 տոկոսի միջակայքում: Սա, իհարկե, զուտ փորձագիտական գնահատական է՝ կախված տնտեսական զարգացումներից, այդ թվում՝ նաև երկրում տիրող իրավիճակից:
Նշենք, որ շաբաթներ առաջ էլ Կենտրոնական բանկը վերանայել էր Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումները՝ 5.4-ից դարձնելով 4.2 տոկոս: Ամբողջ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կհրապարակվի եկող տարվա հունվարի վերջին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան