Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը որոշել է 2022 թվականի հունվարի 12-ին գումարել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը, հայտնում է DPA գործայկալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը։ Հանդիպումը կարող է լինել առաջինը երկուսուկես տարվա ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 12-13-ը Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը՝ դաշինքի անդամ երկրների գլխավոր շտաբների պետերի մակարդակով։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կապված ուկրաինական սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման մասին հաղորդագրությունների հետ։
Անցած ուրբաթ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց, որ Մոսկվան առաջարկ է ստացել Հյուսիսատլանտյան դաշինքից՝ հունվարին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ:
Զախարովան հերքել է արևմտյան ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե առաջիկա քննարկումների ընթացքում չեն դիտարկվի ՆԱՏՕ-ի ընդլայնման և Ռուսաստանի սահմաններին դաշինքի սպառազինության համակարգերի հայտնվելու թեմաները։ Մինչդեռ, ըստ Զախարովայի, հենց դրանք են բանակցությունների գլխավոր, առանցքային հարցերը:
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրի ռուսական նախագիծը բաղկացած է ինը հոդվածից, որը ենթադրում է ՆԱՏՕ-ի հրաժարվելն ընդարձակվելուց, ներառյալ Ուկրաինայի միացումը դաշինքին, հրաժարումը ռազմական գործողություններից Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում, ինչպես նաև հրաժարվել միջանկյալ և ավելի կարճ հեռահարության հրթիռներ տեղակայումից, որտեղից կարող են հարվածել այլ տարածքներ: