Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների զբաղվածության խնդրին և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Նախ՝ ասեմ, որ Կառավարությունը նիստերից մեկում հաստատեց այն ծրագիրը, որ երբևէ ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձինք, որոնք աշխատանքի կընդունվեն գործատուների կողմից, և, օրինակ՝ աշխատանքային միջավայրը փոփոխության, հարմարեցման կարիք կունենա, Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այդ նպատակով, մյուս կողմից՝ աշխատավարձից ստացված եկամտային հարկի՝ մինչև 100 հազար դրամի փոխհատուցում մեկ տարի ժամկետով: Բացի այդ, մենք նախաձեռնել ենք մասնավոր ընկերությունների հետ համագործակցության ծրագիր։ Ոլորտի խոշորագույն ՏՏ կազմակերպություններից մեկի հետ բավականին բարեհաջող իրականացնում ենք եռափուլ ծրագիր զինվորների համար, սկզբում կրթական է, հետո պրակտիկայի ժամանակահատված պետք է ունենա ծրագիրը, ընկերությունը երաշխավորում է, որ նրանց պետք է ընդունի աշխատանքի»,- ասաց Մկրտչյանը։
Նախարարը նշեց, որ հիմա գաղափար է մշակվում, որը վերաբերում է ոչ միայն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին, այլև բոլոր նրանց, ովքեր ավարտել են ծառայությունը և աշխատաշուկա մտնելու կարիք ունեն։ Նրանց համար կկազմակերպվեն վերապատրաստումներ և զարգացման ծրագրեր։
«Մենք հիմա աշխատում ենք այդ համակարգի վրա, եկող տարվա մեր ծրագրերի մեջ է մտնում այն։ Խոսքը լայնամասշտաբ վերապատրաստումների, կրթական ծրագրերում ներգրավվելու ծրագրերի մասին է։ Կարիքների գնահատումից հետո են բխելու մեր անելիքները։ ՀՀ-ում ունենք 49 միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք կգնահատեն, դրանից հետո կհասկանանք, թե ո՛ր խմբին ինչ ծրագրի շահառու կարող ենք դարձնել»,- ասաց Մկրտչյանը։