Մեծ Բրիտանիան պատրաստ է տարհանելու իր զորքը Ուկրաինայից, եթե Ռուսաստանը ներխուժի այդ երկիր։ Այս մասին հայտնում է Daily Express-ի բրիտանական հրատարակությունը։
«Բանակի հրամանատարները պետք է անցկացնեն «Օրբիտալ» գործողության ամբողջական «վերանայում»՝ համոզվելու համար, որ բրիտանական բոլոր զինծառայողները կարող են «անվտանգ դուրս բերվել» Ուկրաինայից, եթե Մոսկվան զորք մտցնի»,– գրել է թերթը։
Բրիտանական զորքերի մեծ մասը գտնվում է Ուկրաինայի Լվովի մարզի Յավորով քաղաքում, որտեղից էլ զինվորականները դուրս կբերվեն Լեհաստանի սահման՝ հայտնել են հրատարակության աղբյուրները։ Զինվորների մի փոքր խումբ էլ Կիևում է և նույնպես կտեղափոխվի սահման։ Օդեսայում գտնվող ծովային անձնակազմը Սուրբ Ծննդին մեկնել է հայրենիք:
Դեկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Լոնդոնը հրաժարվել է ուղարկել իր զինուժը՝ պաշտպանելու Ուկրաինան՝ իբր ծրագրված ռուսական ներխուժման դեպքում: Նա ասել էր, որ չնայած Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությանը, երկիրը դաշինքի անդամ չէ: