ԶԱՍԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ ԼՂ-ՈՒՄ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Դաշնակիցներ․ ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է Երևանի հետ: Նա բարձր է գնահատել Ռուսաստանի և խաղաղապահների առաքելության ջանքերը Լեռնային Ղարաբաղում։
«ՀԱՊԿ-ում համոզված են, որ սահմանային տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- նշել է Զասը՝ հավելելով, որ կառույցն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովի ձևավորման մտադրությանը, ինչն ամրագրված է նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ՓՈՒԼԸ
Վիեննայում այսօր կմեկնարկի Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը:
Դրան կնախորդի Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային միջնորդների «հնգյակի» նիստը։ Նախատեսվում է, որ կողմերը քննարկելու են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման հեռանկարները և Միացյալ Նահանգների վերադարձը համաձայնագիր։
Բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Միխայիլ Ուլյանովի խոսքով՝ ութերորդ փուլը կարող է լինել վերջինը, բայց դրա համար այն պետք է լինի ամենաերկարը, քանի որ մեծ ծավալի աշխատանք է սպասվում: Կողմերը ցանկանում են ավարտել բանակցությունները մինչև հունվարի վերջ - փետրվարի սկիզբ:
Վիեննայի բանակցություններում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև ուղիղ շփումներ դեռևս չկան։ Կողմերի երկխոսությունն ընթանում է Եվրամիության ներկայացուցչի համակարգմամբ։
ՌԴ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն առաջարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրել հունվարի 12-ին․ նույն օրը Բրյուսելում նախատեսված է գլխավոր շտաբների պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը։ Ստոլտենբերգը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, ըստ որի՝ «Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսություն պետք է ընթանա փոխադարձության սկզբունքով, հաշվի առնվի ՆԱՏՕ-ի մտահոգությունը Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, հիմնված լինի եվրոպական անվտանգության առանցքային սկզբունքների և հիմնարար փաստաթղթերի վրա»:
Ռուսական կողմն արձագանքել է դաշինքի նախաձեռնությանը: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ուսումնասիրում է Հյուսիսատլանտյան դաշինքի առաջարկը, սակայն անհրաժեշտ է որոշել մի շարք հարցեր, այդ թվում՝ նիստին մասնակցող պատվիրակությունների կազմերը:
ԻՐԱՔԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քասըմին կոչ է արել բոլոր քրիստոնյաներին, որոնք լքել են երկիրը, վերադառնալ հայրենիք ու մասնակից լինել երկրի վերածննդին:
«Քրիստոնյաները նշանակալի դեր ունեն Իրաքում, և պետք է խրախուսել, որ նրանք մնան երկրում»,- ասել է վարչապետը, որը ներկա է եղել Բաղդադի Սուրբ Հովսեփի տաճարում Սուրբծննդյան պատարագին:
Նա նշել է, որ երկխոսությունն է այն ճանապարհը, որը կկանխորոշի բոլոր իրաքցիների ապագան՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից:
Իրաքում մինչև 2003 թվականը բնակվել է 1.5 մլն քրիստոնյա, սակայն 2021 թվականի մարտի տվյալներով՝ նրանց թիվը նվազել է՝ հասնելով 250 հազարի:
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱՎԱՐԱԿՆԵՐԻ. ԳՈՒՏԵՐԵՇԻ ԿՈՉԸ
Այս համավարակը վերջինը չի լինի մարդկության համար, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Մենք պայքարում ենք առողջապահության համակարգի ներկայիս ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն միաժամանակ հարկավոր Է նախապատրաստվել հաջորդ համավարակին»,- գրել է Գուտերեշը Թվիթերի միկրոբլոգում:
Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 27-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հիմնարար ուշադրություն դարձնել հնարավոր համավարակների հարցին և ներդրումներ ուղղել դրանց դեմ պայքարին։
ՆԱՍԱ-Ի ԱՍՏՂԱԴԻՏԱԿԸ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ ՈՒՂԵԾԻՐ
NASA-ն Ֆրանսիական Գվիանայից հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել James Webb աստղադիտակը։ Այս մասին հայտնում են NASA-ի մամուլի ծառայությունից։ Աստղադիտակի կառուցմանը մասնակցել է 17 երկիր։ Դրա համար պահանջվել է 25 տարի և 10 մլրդ դոլար։ James Webb-ի հետազոտական աշխատանքների սկիզբը նախատեսված է 2022 թվականի ամռանը:
James Webb նորագույն ուղեծրային ինֆրակարմիր աստղադիտակը կփոխարինի Hubble աստղադիտակին։ Գիտնականներն ակնկալում են, որ սարքին կհաջողվի ընդլայնել տիեզերքի մասին մարդկության պատկերացումները, քանի որ այն կարող է բացահայտել առաջին աստղերի և գալակտիկաների ձևավորման պատմությունը, ինչպես նաև ավելի խոր ուսումնասիրել սև խոռոչները, մութ մատերիան և արեգակնային համաստեղությունից հեռու գալակտիկաները: