Դեկտեմբերի 27-ին «ՀայՓոստը» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում համագործակցության հուշագիր է ստորագրել ռուսաստանյան առցանց առևտրի խոշորագույն հարթակի՝ «Վայլդբերիզի» (Wildberries) հետ: Հուշագիրը ստորագրել են «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և «Վայլդբերիզ» ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:
Ըստ հուշագրի՝ կողմերը պետք է համագործակցեն էլեկտրոնային առևտրի և փոստային կապի ոլորտներում: Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի խոշորագույն ցանցի՝ «Վայլդբերիզի» հանձնման կետեր կստեղծվեն «ՀայՓոստի» բաժանմունքներում: «ՀայՓոստի» մասնակցությամբ Հայաստանում կիրականացվի ներդրումային մեծ ծրագիր, կստեղծվի համատեղ լոգիստիկ կենտրոն: Նախատեսվում է նաև «Վայլդբերիզի» ցանցով վաճառվող ապրանքներն այլ երկրներ արտահանելու համար լոգիստիկ շղթայի համատեղ կառուցում, ինչը կնպաստի նաև հայկական արտադրանքի վաճառքին «Վայլդբերիզի» ցանցով:
Տատյանա Բակալչուկն իր խոսքում նշել է, որ «ՀայՓոստը» դառնում է «Վայլդբերիզի» ռազմավարական գործընկերը, և այդ համագործակցությունից պետք է սպասել երկուստեք դրական զարգացումներ:
Ինչպես նշել է «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. ««Վայլդբերիզի հետ համագործակցությունը շատ ուժեղ խթան կդառնա Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար: Մենք արդեն մեկ տարի է՝ ինչ աշխատում ենք այս ուղղությամբ և 2022 թ. առաջին եռամսյակում արդեն կունենանք «Վայլդբերիզի» հանձնման 40 կետեր «ՀայՓոստի» բաժանմունքներում: Շատ էական է, որ խոշորագույն այս ընկերությունը որոշ հատվածներում կօգտվի հայկական թվային արտադրանքից: Կարևոր է նաև, որ հայկական բազմաթիվ ապրանքանիշներ կկարողանան օգտվել «Վայլդբերիզի» ցանցի ընձեռած հնարավորություններից»:
Նախատեսվում է նաև «ՀայՓոստի» iNovation դուստր ձեռնարկության թվային լուծումների և արտադրանքի կիրառում «Վայլդբերիզի» ցանցում:
«Վայլդբերիզ» ընկերությունը էլեկտրոնային առևտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է շուրջ 6 մլրդ ԱՄՆ դոլար և գործունեություն է ծավալում 19 երկրներում:
Ընկերության տվյալներով՝ 2020 թվականին շրջանառությունը աճել է 96%-ով՝ մինչև 437,2 մլրդ ռուբլի։