Դեկտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ Եվրահանձնաժողովը իրավական ընթացակարգ է սկսում Լեհաստանի դեմ՝ ԵՄ օրենքները խախտելու համար, Վարշավայի՝ եվրոպական իրավունքի նկատմամբ ազգային սահմանադրության գերակայության մասին որոշման շուրջ վեճի ֆոնին։ Հանձնաժողովը կասկածներ է հայտնել Լեհաստանի Սահմանադրական դատարանի անկախության և անաչառության վերաբերյալ, գրում է РИА Новости-ն։
ԵՄ-Լեհաստան լարվածությունը մտահոգում է լեհերի մեծ մասին: «Մենք Եվրոպայի այն հատվածում ենք, որ, իմ կարծիքով, չեզոքության մասին խոսելն ուղղակի հեքիաթ է։ Մենք կարող ենք լինել կամ ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում, կամ Ռուսաստանի ազդեցության գոտում»,- ասել է Լեհաստանի գյուղացիական կուսակցության պատգամավոր Յան Ֆիլիպ Լիբիցկին:
Լեհ սենատորը հավելել է, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Լեհաստանը երբեք դուրս չգա ԵՄ-ից։ Նրա խոսքով՝ Վարշավան պետք է որքան հնարավոր է շուտ եվրոն ընդունի որպես ազգային արժույթ, որպեսզի խուսափի իրադարձությունների նման զարգացումից: