Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի Բաքու այցը Իրան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակներում վերջին ժամանակների ամենալավ այցերից մեկն էր: Նման գնահատական է տվել Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: Նրա խոսքով՝ այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք արժեքավոր պայմանավորվածություններ: «Կարծում եմ՝ երկու երկրները հաղթահարել են մեդիա լարվածության փուլը»,- նշել է Խաթիբզադեն: Կողմերը պայմանավորվել են տարեկան երկու անգամ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել, ինչպես նաև ակտիվ համագործակցություն սկսել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարությունների մամուլի քարտուղարների մակարդակով:
*****
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Դաշնակիցներ․ ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է Երևանի հետ: Նա բարձր է գնահատել Ռուսաստանի և խաղաղապահների առաքելության ջանքերը Լեռնային Ղարաբաղում։ «ՀԱՊԿ-ում համոզված են, որ սահմանային տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- նշել է Զասը՝ հավելելով, որ կառույցն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովի ձևավորման մտադրությունը, ինչն ամրագրված է նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ:
*****
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տարեկան ամփոփիչ ասուլիս է անցկացրել, որի շրջանակում անդրադարձել է Հայաստանի հետ երկխոսությանը՝ նշելով, որ Անկարան կողմ է Հայաստանի հետ ուղիղ շփումներին՝ առանց միջնորդների: «Հուսով եմ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կկազմեն երկխոսության ճանապարհային քարտեզ, որն օգտակար կլինի հետագա շփումների հաստատման համար»,- նշել է նա: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման խնդրին, Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ օրակարգում նման հարցի առկայության դեպքում Անկարան կքննարկի այն Բաքվի հետ։
*****
Մոտ ապագայում Ադրբեջանը Հայաստանի դեմ մի քանի հայց կներկայացնի արբիտրաժային դատարաններ՝ միջազգային կոնվենցիաների խախտման, մասնավորապես՝ շրջակա միջավայրին հասցրած վնասների և բնական ռեսուրսների ապօրինի շահագործման մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ 2021 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում։ Նա անդրադարձել է նաև սահմանների սահմանազատման հարցին՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է իր համաձայնությունը և հույս հայտնել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովը կձևավորվի առաջիկա ամիսներին: Խոսելով «3+3» տարածաշրջանային ձևաչափի մասին՝ Բայրամովը դրական է գնահատել Մոսկվայում կայացած փոխարտգործնախարարների հանդիպումը․ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումները ռոտացիոն կարգով անցկացնել մասնակից երկրներում»,- նշել է նա:
*****
Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների 8-րդ փուլը: Դրան նախորդել է Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային միջնորդների «հնգյակի» նիստը։ Նախատեսվում, որ կողմերը քննարկելու են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման հեռանկարները և Միացյալ Նահանգների վերադարձը համաձայնագիր։ Բանակցություններում ոուսական պատվիրակության ղեկավար Միխայիլ Ուլյանովի խոսքով՝ ութերորդ փուլը կարող է լինել վերջինը, բայց դրա համար այն պետք է լինի ամենաերկարը, քանի որ մեծ ծավալի աշխատանք է սպասվում: Կողմերը ցանկանում են ավարտել բանակցությունները մինչև հունվարի վերջ, փետրվարի սկիզբ: