Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցին հետևած քննարկումները՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի մասին, բացահայտեցին մի շարք կեղծիքներ, որոնց արձանագրումը չափազանց կարևոր է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«1. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ադրբեջանական բնակչության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ արդեն որպես ժամանակակից Լեռնային Ղարաբաղի բնակչության մաս՝ արձանագրված է Մադրիդյան սկզբունքներում, որոնք հայկական կողմը դեռևս 2007 թվականից ընդունել է որպես բանակցությունների հիմք: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, չենք կարող ասել, թե Հայաստանի կամ Արցախի որևէ քաղաքական գործիչ դրանից տեղյակ չի եղել, որովհետև Մադրիդյան սկզբունքները շատ վաղուց, դեռ իմ վարչապետ դառնալուց առաջ հրապարակված են համացանցում: Այստեղից հարց է ծագում՝ ինչո՞ւ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդվզել սրա դեմ:
2. Հիշում եք, որ նոյեմբերի 9-ից հետո թեմա ծագեց, թե եղել է հնարավորություն 44-օրյա պատերազմը կանգնեցնել ԼՂԻՄ-ի ժամանակ Շուշիում բնակված ադրբեջանցիների և/կամ նրանց ընտանիքի անդամների՝ Շուշի վերադառնալու իրավունքը երաշխավորելու դիմաց: Այսօրվա նույն շրջանակները 2020-ի աշնանն ասում էին, թե այդպիսով Շուշին հայկական պահելու շանս է եղել, և ես չեմ գնացել դրան, ինչին հակադարձեցի, թե ԼՂԻՄ-ում Շուշիի բնակչության 90 տոկոսն ադրբեջանցի է եղել, ո՞նց եք պատկերացնում՝ 90 տոկոսով ադրբեջանցի բնակչությամբ հայկական բնակավայր: Այդ ժամանակ էլ ինձ մեղադրեցին, թե ասում եմ, թե Շուշին հայկական չէ: Հիմա այդ նույն մարդիկ ինչո՞ւ են նեղսրտած, երբ խոսվում է մինչև իմ վարչապետ դառնալը գոյություն ունեցած բանակցային բովանդակության մասին: 2020-ի աշնանը նրանք կողմ էին Շուշիում ապրած ադրբեջանցիների վերադարձին, հիմա՝ դե՞մ: 2007-ին կողմ էին, հիմա՝ դե՞մ:
3. Հիմա էլ անընդհատ կրկնում են, որ միայն Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է բանակցային գործընթացում ներկայացնել Արցախի ժողովրդին: Ո՞վ է վիճում: Սա իմ կարևորագույն թեզերից մեկն է՝ 2018-ից ի վեր: Այլ հարց է ծագում. այդ նույն մարդիկ ինչո՞ւ ծպտուն չէին հանում, երբ 1998 թվականին Ռ. Քոչարյանի ձեռամբ Արցախը հեռացվում էր բանակցային գործընթացից: Բայց հիմա էլ հանկարծ չմտածեք, թե նրանք ուզում են Արցախը բանակցային սեղան վերադարձնել, նրանք ուզում են Հայաստանը հեռացնել բանակցային սեղանից: Հազիվ առիթ է, մի գաղտնիք բացեմ: Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն ինձ մեղադրում են, թե ես վարչապետ դառնալուց հետո միջնորդներից պահանջել եմ ԼՂ-ի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, ինչով իբր վատացրել եմ մեր բանակցային վիճակը: Սերժ Սարգսյանն ինքն էլ 2016 թվականին միջնորդներից պահանջել է անմիջապես ԼՂ-ին ներգրավել բանակցային գործընթացի մեջ: Դրանո՞վ է վատացրել մեր բանակցային դիրքերը: Ի դեպ, այդ նույն ժամանակ Սերժ Սարգսյանը փորձել է հիմնավորել, որ Արցախի ապագա կարգավիճակի որոշման հարցին ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները պետք է մասնակցեն այն նույն համամասնությամբ, ինչ համամասնությամբ ապրել են 1988 թվականին ԼՂԻՄ-ում: Ինչո՞ւ է սա արել, որովհետև հասկացել է, որ բանակցային բովանդակության տրամաբանությամբ այդ ենթադրվող հանրաքվեի պահին, որը կարող է տեղի ունենալ 100 տարի անց, ադրբեջանցիները ԼՂ-ում կարող են մեծամասնություն լինել: Իսկ կարողացե՞լ է լուծել այս խնդիրը: Իհարկե ոչ, և այս է պատճառը, որ 2018-ի ապրիլին բարձրաձայնել է բանակցային գործընթացի անհույս վիճակի, կանգնած լինելու և վերահաս պատերազմի մասին:
4. Մեր իրականության մեջ հայտնի շրջանակների պրոպագանդան մի թյուրիմացություն է ներարկել, թե «ԼՂ վերջնական կարգավիճակ», «ինքնորոշում» տերմիններն անպայմանորեն նշանակում են ԼՂ անկախություն: Սա, իհարկե, այդպես չէ, որովհետև ինքնավար մարզն էլ է կարգավիճակ, շրջանն էլ է կարգավիճակ, անկախությունն էլ է կարգավիճակ: Իմ ժառանգած բանակցային բովանդակությունը հստակեցնո՞ւմ է այս հարցերը, հստակեցնո՞ւմ է, թե կարգավիճակ ասելով ինչ է նկատի առնվում: Իհարկե ոչ: Հայկական կողմը միշտ հպարտացել է այն դրույթով, թե ԼՂ կարգավիճակի ճշգրտման պոտենցիալ հանրաքվեի դրվող հարցը կամ հարցերը չպիտի ունենան ձևակերպման որևէ սահմանափակում և կարող են ենթադրել ցանկացած կարգավիճակ: Ցանկացած կարգավիճակ, այո՛, կարող է նշանակել անկախություն, բայց ցանկացած կարգավիճակ կարող է նշանակել նաև մարզ՝ Ադրբեջանի կազմում: Եթե սրան գումարենք այն, որ բանակցային բովանդակությունը չի կոնկրետացնում, թե հանրաքվեն ո՞ր տարածքում պետք է տեղի ունենա, չի կոնկրետացնում, թե ո՞վ պետք է ձևակերպի հանրաքվեի դրվող հարցը, ստացվում է, որ ըստ իմ ժառանգած բանակցային բովանդակության, հանրաքվեի կարող էր դրվել նաև հետևյալ հարցը՝ համաձա՞յն եք, որ ԼՂ-ն լինի ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում: Բանակցային բովանդակությունը չի պարզաբանում նաև, թե եթե մարդիկ քվեարկում են «ոչ», ի՞նչ է դա նշանակում՝ անկախությո՞ւն, թե՞ 0 կարգավիճակ:
Ի դեպ, քննարկումների ծիրում կա նաև մի շատ լեգիտիմ հարց: Ի՞նչ նպատակ ունի հիմա խոսել բանակցային բովանդակության մեջ ԼՂ ադրբեջանական բնակչությանը վերաբերող դրույթների մասին: Նպատակը մեկն է՝ պաշտպանել 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված արցախցիների՝ Արցախում հայկական իրավազորության ներքո բնակվելու իրավունքը: Բայց սա բանակցային մարտավարության հարց է և հետագա քննարկումների խնդիր»,- գրել է վարչապետը: