Աֆղանստանում Թալիբանի առաքինության քարոզչության և արատավորության դեմ պայքարի նախարարությունը կանանց արգելել է առանց տղամարդ բարեկամի ուղեկցության ճանապարհորդել ավելի քան 72 կմ հեռավորությամբ, հայտնում է BBC-ն։
Տրանսպորտային միջոցների սեփականատերերին էլ հանձնարարվել է չսպասարկել բաց դեմքով կանանց, վարորդներին արգելվել է նաև սրահներում երաժշտություն միացնելը։
Իշխանության եկած «Թալիբան» շարժումն աստիճանաբար սահմանափակում է երկրի կանանց իրավունքները՝ միջնակարգ դպրոցներից շատերում թույլ են տալիս դասավանդել միայն տղամարդկանց, իսկ սովորել միայն տղաներին: Նոյեմբերին կանանց արգելվեց նկարահանվել հեռուստաֆիլմերում։ Կին լրագրողներին ու հեռուստահաղորդավարներին դեռ թույլ են տալիս աշխատել, սակայն նրանք պարտավոր են գլխաշոր կրել։
Նոր կառավարությունն այս արգելքներն անվանում է ժամանակավոր և դրանց ներդրումը բացատրում է աղջիկներին ու կանանց աշխատանքային, ուսման անվտանգ պայմաններով ապահովելու անհրաժեշտությամբ։ Դեկտեմբերին թալիբները հրամանագիր արձակեցին կանանց իրավունքների մասին՝ դատարաններին պարտավորեցնելով քննարկել կանանց միջնորդությունները, արգելելով կանանց ամուսնացնել իրենց կամքին հակառակ, նրանց իրավունք տրվեց ժառանգել մահացած հարազատի ունեցվածքը: