ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձավ արցախահայերի համար իրականացված աջակցության ծրագրերին:
«Մեր հայրենակիցների ավելի քան 80 տոկոսն արդեն վերադարձել է Արցախ։ Բնականաբար, մի հատված դեռ շարունակում է մնալ Հայաստանում։ Նրանք մեր ուշադրության կենտրոնում են։ Աջակցության ծրագրերը տարբեր են եղել՝ սկսած հայտնի 68000 դրամների սոցիալական աջակցությունից, որը տրվել է քառամսյա ժամկետով։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի քաղաքացիներին տրվել է աջակցություն, պատերազմական գործողությունների հետևանքով բոլոր այն անձանց, որոնց բնակարանները վնասվել են, նրանց նույնպես տրվել է աջակցություն, պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացածներին է տրվել աջակցություն»,- ասաց Մկրտչյանը։
Նախարարը նշեց, որ աջակցության ծրագրերին զուգահեռ պետք է խրախուսվի աշխատանքի ու զբաղվածության հարցը։ Նրա խոսքով՝ արցախցիների համար գործում է զբաղվածության երկու ծրագիր։
Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ 2022 թվականին նոր ծրագրեր են լինելու, դրանց մասին կհայտարարվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։