Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 27-ին ներկա է եղել զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի Ստեփանակերտում բնակարանների տրամադրման արարողությանը, որոնք կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ:
Բնակարանային հարցերի կոմիտեի անցկացրած վիճակահանությամբ զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիք մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են սեփական բնակարանների բանալիները:
Արտակ Բեգլարյանը ընտանիքների հետ միասին այցելել է բնակարաններ և տեղում շնորհավորել շահառուներին բնակարանամուտի կապակցությամբ: Պետական նախարարն ընդգծել է, որ պետությունը շարունակելու է սոցիալապես խոցելի խմբերին բնակարանով ապահովելու իր պարտավորությունների կատարումը՝ համաձայն հանրապետության նախագահի ծրագրի: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ կառավարության կողմից հնարավորինս արվում է գործընթացի արդար ու թափանցիկ կերպով կազմակերպման ուղղությամբ՝ նշելով, որ բնակարանային ոլորտի բարեփոխումները շարունակական են լինելու:
Քաղաքաշինության նախարարի և բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի հետ պետական նախարարը տեղում քննարկել է կառուցվող մյուս բնակարանների շինարարության և շահառուներին տրամադրելու վերաբերյալ հարցեր: Նրան զեկուցել են, որ առաջիկա օրերին ավելի քան 100 բնակարան կհանձնվի շահագործման, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ ավելի քան 300: