Ավարտվել են Մ-11-Ախպրաձոր մոտ 16.3 կմ (հիմնական ճանապարհ և իջատեղեր) ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Ճանապարհահատվածները գտնվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, որոնց միջոցով Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր համայնքները կապվում են միմյանց և միջպետական Մ-11 (Մարտունի-Վարդենիս) ավտոճանապարհի հետ:
Շինաշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Վերականգնված ճանապարհի երթևեկելի մասի 3.1 կմ-ն ավազակոպճային ծածկով է, իսկ 13.2 կմ-ը՝ ասֆալտբետոնե ծածկով։ Ճանապարհի մոտ 1.7 կմ-ն անցնում է Լճավան համայնքով, այն Խորհրդային տարիներից ի վեր չէր նորոգվել։
Լճավանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյովա Գևորգյանը նշել է, որ հիմնական ճանապարհից գյուղը մոտ 7 կմ հեռավորության վրա է գտնվում։ Նախկինում չէին կարողանում վաճառել գյուղմթերքները, այսօր արդեն մեքենաները հասնում են իրենց բնակավայր, ապրանքաշրջանառությունը մեծացել է։
Ճանապարհի նորոգմամբ լուծվել են նաև բազմաթիվ այլ խնդիրներ։ Ճանապարհաշինական աշխատանքներից էլ գոհ են։ Ըստ Գևորգյանի՝ շինարարներն ամեն մի մանրուքի ուշադրություն էին դարձնում, սրտացավորեն կատարում իրենց գործը։ Շինարարը վերականգնել է նաև ջրահեռացման համակարգը, կառուցել մայթեր, իջատեղեր, մուտքեր, կողնակներ և այլն։
Աշխատանքները կատարվել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորել են Համաշխարհային բանկը և ՀՀ կառավարությունը։