2021 թվականի արդյունքներով արտերկրում կա պետության ֆինանսավորմամբ գործող 11 հայագիտական կենտրոն՝ Բուխարեստում, Պրահայում, Վենետիկում, Հռոմում, Կահիրեում, Հալեում և այլն։ Այս մասին ԿԳՄՍՆ ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնեց փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ, ըստ ծրագրի, ամեն տարի 2-ական նոր կենտրոն է բացվելու։
«Արդեն մտածում ենք, որ որոշակի կրիտիկական քանակ ունենալու դեպքում գործընթացը բերենք որակական նոր հարթության, որ հայագիտական կենտրոններն իրար կապենք և փորձենք ստեղծել հայկական գիտակրթական տարածք»,- ասաց Մարտիրոսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ սփյուռքի կրթօջախներին տարվա ընթացքում տրվել է 44 հազար կտոր գրականություն։
«Ուզում ենք համապատասխան էլեկտրոնային հարթակ, որտեղ այդ դպրոցներն իրենք կներկայացնեն իրենց պահանջները։ Արդյունքում կունենանք տվյալ համայնքների կարիքներին հարմարեցված դասագրքեր և այլ ուսումնաօժանդակ նյութեր»,- ասաց փոխնախարարը։