Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Արթուր Մանուկյանի թեկնածությանը։ Նա աշխատել է որպես ռեժիսոր, դերասան։
Նախորդ գումարման Ազգային ժողովում էլ Մանուկյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։
«Մի անգամ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե ինչպես պիտի պահի իրեն կադրում, ասացի՝ քեզ պահիր այնպես, ինչպես ուրիշի տանը։ Սա իմ տեսանկյունն է հեռուստատեսության ու ռադիոյի մասին։ Դու գտնվում ես տվյալ պահին ուրիշի տանը, և քո վարքը, քո խոսքը, պահելաձևը պետք է լինեն այնպես, որ դու հիմա անծանոթ մարդկանց տանն ես և պիտի լսելի, հաճելի լինես նրանց և եթե ոչինչ չունես ասելու, ուրեմն իզուր ես մտել ուրիշի տուն։ Իսկ եթե պիտի հայհոյես, չարախոսես, ուրեմն այդտեղ խնդիր կա, որը պետք է լուծվի»,- ասաց Մանուկյանը։
Նշենք, որ այսօր հանձնաժողովը մերժեց «Հայաստան» խմբակցության առաջադրած Մանվել Բադալյանի թեկնածությունը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսին (Հակոբ Հակոբյան) ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու։