ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարություններն ամփոփել են հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթի արդյունքները. այնուհետև տեղի է ունեցել դպրոցականների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել գիտելիքահեն տեղեկատվության տրամադրումը հանրությանը:
«Այս նախաձեռնությամբ ցանկանում էինք երեխաների միջոցով ցույց տալ, որ մարդկության կուտակած գիտելիքը, գիտությունը կոչված են փրկելու մարդկանց կյանքերը, օգնելու բոլորիս և ավելի արդյունավետ դարձնելու հանրային կյանքը: Ինչպե՞ս կարող ենք դիմակայել մարտահրավերներին, եթե չենք վստահում գիտությանը»,- ասել է առողջապահության նախարարը՝ նշելով սոցիալական ցանցերի դերը ոչ միայն ապատեղեկատվության, այլև ճիշտ ինֆորմացիա տարածելու, փաստերը անհատի կարծիքից տարանջատելու համատեքստում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարությանը նախաձեռնության համար. «Շատ ենք արժևորում հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները և հատկապես կրթական հաստատությունների և ԿԳՄՍՆ-ի՝ որպես «Լուսավորության նախարարության» դերը, ինչպես նախկինում է կոչվել»:
Փոխնախարարը շեշտել է մեդիագրագիտության՝ որպես ոլորտի առանցքային խնդրի զարգացման, խթանման կարևորությունը և կոչ է արել աշակերտներին հասակակիցների շրջանում իրենց սովորածը տարածելու. «Այն աշխատանքը, որ ներկայացրել եք, չի ավարտվում այսօր և այստեղ. այն ձեզ համար՝ որպես հանրային պատասխանատվության կրողների, բացում է ճանապարհ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու»:
Ըստ Ժ. Անդրեասյանի՝ համավարակը միայն առողջապահական խնդիր չէ. կրթական համակարգն ամենամեծ բացասական ազդեցություն կրողներից է, և բազմակողմանի պայքարն անհրաժեշտություն է: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին, որոնք բազմազբաղ լինելով՝ երեխաներին աջակցում են հավելյալ ծրագրերում:
Մրցույթում ավագ դպրոցի աշակերտները ներկայացրել են 45-60 վայրկյան տևողությամբ հոլովակներ, որոնք հրապարակվել են Առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների սոցիալական հարթակներում: Ձայների առավելագույն քանակ ապահոված 5 տեսահոլովակներն արժանացել են մրցանակների, մյուս մասնակիցներին տրվել են շնորհակալագրեր: Առաջին 5 տեղերն զբաղեցրած դպրոցներն են Երևանի թիվ 118 ավագ դպրոցը, Արտաշատի ավագ դպրոցը, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցը, Եղեգնավանի միջնակարգ դպրոցը, Գյումրիի տնտեսագիտական վարժարանը:
Աշակերտները շնորհակալություն են հայտնել մրցույթին մասնակցելու հնարավորության համար և հույս հայտնել, որ իրենց հոլովակները կծառայեն հանրության իրազեկվածության բարձրացմանը COVID-19-ի դեմ պայքարում: