Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Կենտրոնական բանկի հարգելի նախագահ,
գործադիր իշխանության, բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,
մեր տնտեսությունը շատ ծանր ժամանակներ է վերապրել, հույս ունեմ՝ արդեն այդպես կարող ենք ասել, որովհետև 2020 թվականից վրա հասավ կորոնավիրուսի համավարակը, ինչը ֆինանսատնտեսական համակարգին ուժեղ հարված էր, որից հետո եկավ երկրորդ հարվածը՝ պատերազմի տեսքով, այնուհետև եկավ երրրորդ հարվածը՝ ներքաղաքական ճգնաժամը: Պիտի արձանագրենք, որ այս ողջ ընթացքում ՀՀ բանկային համակարգը, որը նախկինում էլ լուրջ փորձությունների կարողացել էր դիմակայել, այս փորձությունը նույնպես հաջողությամբ անցավ և սա չափազանց կարևոր է ոչ միան տնտեսական, այլև քաղաքական ու հոգեբանական կայունության համար:
Կարծում եմ՝ այս առումով պետք է մեր գնահատանքի խոսքն ասենք Հայաստանի բանկային համակարգին, Կենտրոնական բանկին՝ այս դժվար ժամանակներում վարած քաղաքականության համար: Ի վերջո, պատերազմից և կորոնավիրուսից հետո դիմակայության մեծ ռեսուրս էր պետք ունենալ, լուրջ պրոֆեսիոնալիզմ, որպեսզի հնարավոր լիներ պահել այն կայուն իրավիճակը, որն ունենք: Մանավանդ, հաշվի առնելով հաջորդ մարտահրավերը, որն արդեն եկավ կորոնավիրուսի համավարակից հետո, գլոբալ մարտահրավերը՝ գնաճը, մինչ այսօր շարունակում է ծավալվել աշխարհում:
Ահա ի տարբերություն այլ երկրների բանկային համակարգերի, մեր բանկային համակարգը, ըստ էության, կրկնակի, եռակի հարվածների միջով անցավ: Կարևոր է արձանագրել, որ կառավարության համար էլ բանկային համակարգը ոչ միայն շատ կարևոր գործընկեր է, այլև ինդիկատոր, որովհետև ժամանակակից տնտեսությունները և առավել ևս բանկային համակարգը տրամադրությունների արտահայտող են ու շատ դեպքերում կառավարության համար հենց սա է ուղենիշ հանդիսանում քաղաքականություններ մշակելու և ներդնելու համար:
Կարծում եմ՝ երկխոսությունը, որը կա կառավարության և ԿԲ-ի միջև, շատ կարևոր է մեր ապագա ռազմավարությունները մշակելու և ներդնելու առումով: Այո՛, նաև պետք է ընդունել և խոստովանել, որ ինչպես շատ երկրներում, Հայաստանում էլ շատ դեպքերում բանկային համակարգի շուրջ փորձ է արվում որոշակի նեգատիվ տրամադրություններ ստեղծել, որովհետև պարզ է, որ մարդիկ միշտ հաճույքով են փող վերցնում, բայց վերադարձնելը միշտ չէ, որ հաճելի գործընթաց է, առավել ևս՝ պայմանավորված տոկոսներով:
Վերջերս առիթ ունեցա մի քննարկման ժամանակ ասել, խոսք էր գնում բանկային համակարգերի մասին: Ըստ էության, ժամանակակից աշխարհը բանկերի ստեղծած աշխարհն է, և սա պետք է արձանագրել իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Ժամանակակից քաղաքակրթությունը բնորոշող բազմաթիվ նախագծեր կան, որոնք հսկայական քայլերով աճում են, զարգանում, փոխում աշխարհը: Պետք է արձանագրել, որ այդ մեգանախագծերն աշխարհում չեն կարող գոյություն ունենալ, եթե գոյութուն չունենար բանկային համակարգը:
Այսպիսի էֆեկտներ մենք Հայստանում էլ ենք տեսել, բայց հույս ունեմ, որ կկարողանանք քաղաքական, տնտեսական, ֆինանսական համակարգերի համագործակցության այնպիսի օրակարգ իրականացնել, որը թույլ կտա Հայաստանը դարձնել ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող երկիր: Այս առումով, կարևորում եմ Կառավարության որդեգրած՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը, որը, պիտի ասեմ, որ ճշգրտվում է տնտեսությունից և բանկային համակարգից եկած ազդակներով, որոնք հաճախ չեն արտահայտվում որպես տեքստեր, բայց արտահայտվում են որպես թվեր, թվային ցուցանակներ, վիճակագրական տվյալներ: Այս համատեքստում ուզում եմ հույս ունենալ, որ Կառավարության կողմից վարվող մեր քաղաքականությունների կապը ֆինանսատնտեսական համակարգի հետ ավելի օրգանական կլինի, որովհետև այդ համակարգն այն ամենազգայուն ինդիկատորն է, որ ամենավաղն է զգում ռիսկերը և ամենավաղը տեսնում հնարավորությունները, ինչը կառավարությանն օգնում է լինել ավելի օպերատիվ:
Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վերջին երկու տարվա ընթացքում ցուցաբերած դիմակայության համար: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր պետական, ազգային մակարդակով կկարողանանք ի վերջո գոյատևելու, ժամանակ ձգելու, կամ կարճ փուլերով մտածելու այս իրավիճակը հաղթահարել և դուրս գալ երկարատև, կայուն և խաղաղ ռազմավարական զարգացման դարաշրջան: Այս առումով, իհարկե, բանկային համակարգի դերը չափազանց դժվար է գերագնահատել: Կրկնում եմ՝ Կենտրոնական բանկը, բանկային համակարգը կառավարության համար էական և առանցքային նշանակություն ունեցող գործընկերներ են:
Նաև կորոնավիրուսի համավարակի, հետպատերազմական իրավիճակի խնդիրների հաղթահարման առումով մենք շատ սերտ գործընկերության և համագործակցության մեջ ենք եղել, և ես բարձր եմ գնահատում այդ գործընկերությունը:
Շնորհավորում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին գալիք Նոր տարին, և հույս ունենք, որ 2022-ին իսկապես հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում բոլորովին նոր տրամադրություններ ձևավորել, որոնք կերևան տոկոսադրույքների նվազման, գների, փոխարժեքների կայունության և ներդնելու, աշխատելու, ծախսելու ավելի ընդլայնված տրամադրությունների ձևով: Կառավարությունը, իհարկե, տրամադրված է ծախսել, ներդնել և առավելագույնս սեփական օրինակով ցույց տալ այդ ռազմավարական հեռանկարը: Բայց, միևնույն է, մասնավոր հատվածը, բանկային համակարգն այս առումով շատ կարևոր թիմակից է, որպեսզի այդ թիմային խաղը և գործընթացը բոլորիս մոտ ստացվի»: