Ռուսաստանի և արևմտյան երկրների առճակատման գործընթացը պտտվում է ոչ թե ՆԱՏՕ-ի և Եվրամիության շուրջ, այլ Արևմուտքի՝ միջազգային ասպարեզում ազդեցության առումով իրեն հավասար մրցակիցներ չունենալու ցանկության շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը YouTube-յան Соловьев Live հաղորդման ընթացքում։
«Ես չեմ տեսնում նման իրավիճակ (Ռուսաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականությունը.- խմբ)։ Ամբողջ գործընթացը՝ առճակատման, պտտվում է ոչ թե ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի շուրջ, այլ այն մասին է, որ Արևմուտքը չի ցանկանում միջազգային ասպարեզում ունենալ ազդեցությամբ համեմատելի մրցակիցներ։ Այստեղից էլ նման հիստերիա է առաջանում Չինաստանի վերելքի հարցում: Պեկինն ընդունեց խաղի կանոնները և գերազանցեց Արևմուտքին նրա դաշտում»,- ասել է նախարարը։
Լավրովը օրինակ է բերել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ կապված իրավիճակը: Արտգործնախարարի կարծիքով՝ Արևմուտքը մտադիր է իր համար փոխել համաշխարհային առևտրի կանոնները՝ հակազդելու Չինաստանի աճող տնտեսական հզորությանը, որը «մինչև 2030 թվականը կլինի աշխարհի առաջին տերությունը բոլոր առումներով»։ Արտգործնախարարը հիշեցրել է նաև ԱՄՆ-ի պատճառով ԱՀԿ արբիտրաժային մարմնի կաթվածահարության մասին։