ՖՐԱՆՍԻԱ
2021-Ը ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՏԱՐԻ՝ ՇԱՄՊԱՅՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ
Այս տարվա սկզբից ի վեր, ֆրանսիական շամպայնի տներն ակնկալում էին, որ 2021 թվականին փրփրուն ըմպելիքի ռեկորդային վաճառք կլինի այն բանից հետո, երբ անցած տարի իրենց եկամուտը կտրուկ անկում ապրեց կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով:
2021 թվականին սահմանափակումները փոքր-ինչ մեղմացնելու արդյունքում մարդիկ դարձյալ սկսեցին բաժակ բարձրացնել և միմյանց հետ մի գավաթ շամպայն վայելել:
Բենուա Մելենդեզ (շամպայնի խանութի սեփականատեր) - Սեպտեմբերից սկսած խենթություն է տիրում, բազմաթիվ շամպայն արտադրողներ նույնիսկ չեն հասցնում բավականաչափ ըմպելիք մատակարարել:
Ակնկալվում է, որ շամպայնի արտադրությունը մեկ տարվա ընթացքում 5.5 միլիարդ եվրոյի ռեկորդային շրջանառություն կունենա, ինչը տասը տոկոսով գերազանցում է նախորդ ռեկորդը:
Մելենդեզը մտավախություն ունի, որ չի կարողանա իր հաճախորդներին ապահովել իրենց ուզածի չափ շամպայնով տոների համար: Նա վախենում է, որ մեծ պահանջարկի և խմիչքի սահմանափակ քանակի պատճառով ստիպված կլինեն բարձրացնել շամպայնի գինը:
ՖՐԱՆՍԻԱ
ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»
Բրիտանական «Վոդաֆոնը» աճուրդի է հանել առաջին տեքստային հաղորդագրությունը: Այն ուղարկվել է 1992 թվականին դեկտեմբերի 3-ին, «Վոդաֆոնի» գործընկերներից մեկին, հաղորդագրության մեջ անգլերենով գրված է՝ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»:
Մեծ վաճառքը կազմակերպել է Ֆրանսիայի «Ագյուտ» աճուրդի տունը:
Մաքսիմիլեն Ագյուտ («Ագյուտ» աճուրդի տան աշխատակից) - Ֆրանսիայում արգելված է ոչ նյութական ապրանքներ վաճառել, ուստի մենք այս առաջին տեքստային հաղորդագրությանը շոշափելի ձև ենք տվել այս թվային շրջանակով, որը ցուցադրում է կոդը, արձանագրությունը, որն օգտագործվում է առաջին տեքստային հաղորդագրությունն ուղարկելու համար:
Գնորդը կստանա SMS հաղորդագրության փոխանցման բնօրինակ կապի արձանագրության կրկնօրինակը, իսկ ստացված հասույթը կփոխանցվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին:
Աճուրդն արդեն կայացել է, աշխարհում առաջին տեքստային հաղորդագրությունը վաճառվել է 120 հազար դոլարով:
ԻՍՊԱՆԻԱ
ԵԳԻՊՏՈՍԻՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԳՈՂԱՑՎԱԾ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իսպանիան Եգիպտոսին է վերադարձրել 36 հնագույն արտեֆակտներ, որոնք յոթ տարի առաջ առգրավել էին գանձագողերից:
Ազգային հնագիտական թանգարանում տեղի ունեցած արարողության ժամանակ Մադրիդում Եգիպտոսի դեսպանը շնորհակալություն է հայտնել Իսպանիային արժեքավոր նմուշների, այդ թվում՝ գրանիտի մեջ փորագրված ռազմի աստվածուհի Սեխմետի առյուծի գլուխը վերականգնելու համար:
Թանգարանում ցուցադրված արտեֆակտների շարքերում կարելի է տեսնել նաև չորս սափորները, որոնք հին Եգիպտոսում օգտագործում էին հանգուցյալի զմռսված ներքին օրգանները պահելու համար: Ցուցադրվել են նաև մի քանի աստվածների և աստվածուհիների արձանիկներ, որոնք նույնպես գողացված և առգրավված հավաքածուում են:
Իսպանիայի ոստիկանության հաղորդմամբ՝ այդ ամենը, որն արժի ավելի քան 170 հազար դոլար, ամենայն հավանականությամբ, գողացվել է Սաքարայի և Միթ Ռահինայի տարածքից: Իսպանիայի ոստիկանությունն այս դեպքը բացահայտել էր 2014 թվականին, գործի առիթով կան ձերբակալվածներ, վեց եգիպտոսցի և մեկ իսպանացի:
ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՍԻԴՆԵՅԸ ԼՈՒՍԱՎՈՐՎՈՒՄ Է ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲ
Մեկ տարվա ընդմիջումից հետո Ավստրալիայի գլխավոր քաղաքներից մեկում` Սիդնեյում, դարձյալ տոնական մթնոլորտ է: Քաղաքի կենտրոնը ողողված է լույսերով, ամենուր տոնական թեմաներով լուսային ինստալյացիաներ են:
Սիդնեյի սրտում գտնվող Սուրբ Մարիայի տաճարի վրա տեղի է ունեցել թեմատիկ լուսային շոու: Ներկայացվել են Սուրբծննդյան գլխավոր հերոսները` հրեշտակը, Մարիամը, Հովսեփը, ուղտեր հեծած երեք մոգերը:
Նոր Հարավային Ուելս նահանգի ամենաբարձր տոնածառը կանգնած է Մարտին Փլեյսում, որը զարդարված էր ավելի քան 110,000 լեդ լույսերով և 330 խաղալիքներով: Դե իսկ Սուրբծննդյան երգերը հնչում են հրապարակի գրեթե բոլոր անկյուններում և ավելի ընդգծում տոնական սեզոնի ուրախ ոգին:
ԻՏԱԼԻԱ
ԳՈՆԴՈԼՆԵՐ` ՍԱՀՆԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Վենետիկի ջրանցքներով թիավարելիս տասնյակ սանտա կլաուսներ սահնակները փոխարինել են գոնդոլներով: Թեև ցուրտ եղանակի և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով շատ տեղացիներ ու զբոսաշրջիկներ չեն եկել նրանց տեսնելու, դա չի խանգարել, որպեսզի սանտաները մասնակցեն Սուրբծննդյան գունեղ ռեգատային կամ նավակներով մրցարշավին:
ԼԻՏՎԱ
ԼԱՊՏԵՐԱՅԻՆ ՔԱՆԴԱԿՆԵՐ
Լիտվայում «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթով ոգեշնչված լապտերներով քանդակների ցուցադրություն է տեղի ունեցել: Այգու այցելուները միանգամից կարող են ճանաչել հեքիաթի հերոսներին` ճերմակ նապաստակին, Չեշիրյան կատվին, թեյախմության հայտնի տեսարանը և այլն:
Վադիմ Օվչինկո (լապտերներով քանդակների փառատոնի կազմակերպիչ) - Ամեն տարի մենք մեր փառատոնի համար թեմա ենք ունենում, սա չորրորդ փառատոնն է: Եվ այս տարի որոշեցինք, որ այս համավարակի ավարտից հետո մարդիկ պետք է գան և զգան ինչ-որ հրաշալի բան: Եվ այսպես` հրաշքների աշխարհ. սա մեր մանկությունից է, «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթը մեր մանկությունն է: Հուսով ենք` այն մարդկանց դուր կգա:
Այցելուներն ասում են, որ կորոնավիրուսի համավարակի սկսվելուց երկու տարի անց սա հրաշալի հնարավորություն է մռայլ իրականությունից մի փոքր կտրվելու և հեքիաթում հայտնվելու համար: Մանավանդ որ, Լիտվայում այժմ թույլատրվում են միայն բացօթյա միջոցառումները:
ԲՈՒԼՂԱՐԻԱ
ԲԱՅՔԵՐ ՍԱՆՏԱՆԵՐԸ ՍՈՖԻԱՅԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ
Սանտա Կլաուսի հագուստով բայքերները մոտոցիկլետներով և կվադրոցիկլետներով հեղեղել են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փողոցները: Նրանք մասնակցում են ամենամյա բարեգործական միջոցառմանը:
Նախորդ տարիներին այս բայքերները նվերներ են բաժանել մանկատների երեխաներին` նրանց տոնական ուրախություն պարգևելու համար: Իսկ այս տարի որոշել են նվերներ բաժանել այն բուժաշխատողների երեխաներին, որոնք պայքարել են կորոնավիրուսով հիվանդ մարդկանց կյանքը փրկելու համար: Բայքեր սանտաները շրջում են Սոֆիայում, գումար հանգանակում, որպեսզի ավելի շատ նվերներ գնեն փոքրիկների համար:
ԱՄՆ
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ «ՆՈՐ ՀՈՒՅՍ» ՆՅՈՒՅՈՐՔՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բրուքլինի Դայքեր Հայթս կոչվող թաղամասում մարդիկ որոշել են անտեսել կորոնավիրուսի նոր շտամի` Օմիկրոնի արագ տարածումը և մի լավ նշել Սուրբ Ծնունդը: Նրանք մասնակցել են Սուրբծննդյան տան լույսերի շոուին:
Այստեղ կարելի է հանդիպել ծիածանի բոլոր գույներին: Ներկայացված են Սուրբծննդյան հայտնի տեսարանը, Սանտայի սահնակին լծված հյուսիսային եղջերուները, փայլազարդեր և այլն:
Վերժին Իսոթյե (ֆրանսիացի զբոսաշրջիկ) - Ինձ համար կարևոր էր զգալ Սուրբծննդյան շունչը: Կարծում եմ, որ այստեղ տեսնում եմ լավագույնը, ինչ հնարավոր է վայելել այս տոնական օրերին: Քովիդի՝ ամիսներ, տարիներ տևած դառը օրերից հետո նոր հույս է արթնանում, երբ տեսնում ես այս լույսերը:
Եվ չնայած այս ուրախությանը, Նյու Յորքը ստիպված է հրաժարվել իր ավանդական ամանորյա տոնակատարություններից, քանի որ Օմիկրոնը նոր թափ է առել: Մինչդեռ շատերը լիահույս էին, որ բնականոն կյանքը վերադառնում է:
Իրականում Դայքեր Հայթսի Սուրբծննդյան լույսերը երբեք ամբողջությամբ չեն մարվել, նույնիսկ 2020 թվականի մութ օրերին, և շոուն, թեև կրճատված, բայց շարունակվել է:
ՖՐԱՆՍԻԱ
ՓԱՐԻԶԻ ԱԿՎԱՐԻՈՒՄՈՒՄ ՍԱՆՏԱՆ ԼՈՂՈՒՄ Է ՁԿՆԵՐԻ ՀԵՏ
Փարիզի ակվարիումում հայտնված անսպասելի այցելուն Սուրբծննդյան ուրախություն է բերել հատկապես երեխաներին: Սանտա Կլաուսը լուսանկարվել և լողացել է ակվարիումի ձկների հետ: Նրանց մեծ խանդավարությամբ հետևել են ինչպես մեծ, այնպես էլ փոքրիկ այցելուները:
Մոնջիա Հաջ Կամել (ակվարիումի այցելու) - Մենք շատ ենք լուսանկարվել ձկների ու Սանտայի ֆոնին: Անչափ դուր է գալիս այս տեսարանը: Անկասկած նորից կայցելենք այս ակվարիում:
Ամեն տարի Սուրբծննդյան օրերին ջրասուզակը, բարի ավանդույթի համաձայն, Սանտայի հանդերձանք է կրում և միանում էկզոտիկ ձկներին, որպեսզի ուրախություն պարգևի ակվարիումի այցելուներին:
ԻՏԱԼԻԱ
ՍԱՆՏԱՆԵՐՆ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Հռոմի հիվանդանոցներից մեկում սանտաները Սուրբծննդյան ուրախություն և նվերներ են բերել այնտեղ այդ պահին բուժվող երեխաներին:
Սանտաների կարմիր բանակի թիմակիցներն Իտալիայի ալպիական փրկարարական ծառայության անդամներն են: Նրանք մանկական հիվանդանոցի տանիքից իջել են ու այցելել փոքրիկներին, որպեսզի իրենց անսպասելի այցով զարմանք և ուրախություն պարգևեն նրանց:
Երեխաների ծնողներն ու հարազատները պատուհաններից և հիվանդանոցի բակից հետևել են, թե ինչպես են սանտաներն իբր ծխնելույզից իջնում երեխաների մոտ:
Գաբրիել Վիտիելո (փրկարար-սանտա) - Այս դժվարին պայմաններում երեխաներին թեկուզ մի քանի րոպե ուրախություն պարգևելն արդեն իսկ մեծ բան է: Գոնե մի կարճ ժամանակով կարող են մոռանալ և հաճելի ժամանակ անցկացնել:
Բարեգործական այս ակցիայի մասնակիցները լիահույս են, որ նոր տարում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դեպի լավը կգնա, և մարդիկ կկարողանան թեթևացած շունչ քաշել ու վերադառնալ բնականոն կյանք: