Վինձորի ամրոց ներխուժելու համար կալանավորված տղամարդը հայտարարել է, որ իր նպատակը եղել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու սպանությունը։ Այդ մասին հայտնում է The Sun թերթը։
19-ամյա հնդիկ սիկհ Դարթ Ջոնսը հանցագործությունը կատարելուց առաջ Snapchat-ում տեսանյութ էր ուղարկել իր ընկերներին։ Երիտասարդը հայտնել է, որ ցանկանում է սպանել Եղիսաբեթ II-ին, որպեսզի վրեժ լուծի Ամրիտսարի ջարդերի համար, որոնք տեղի են ունեցել 1919 թվականի ապրիլի 13-ին։ Այդ օրը բրիտանական գաղութային զորքերը գնդակոծել են Փենջաբ նահանգի Ամրիտսար քաղաքում հնդիկների խաղաղ ցույցը թագավորական իշխանության դեմ։
«Ես կփորձեմ սպանել թագուհի Եղիսաբեթին, դա վրեժ է նրանց համար, ովքեր սպանվել են, նվաստացվել ու ենթարկվել ռասայական ճնշումների: Ես հնդիկ սիկհ եմ»,- ասել է երիտասարդ վրիժառուն:
Ոստիկանությունը զինված տղամարդուն կալանավորել էր Վինձորի ամրոցի տարածք ներխուժելուց հետո, որտեղ թագուհին ընտանիքի հետ նշում էր Սուրբ Ծնունդը։ 19-ամյա Դարթ Ջոնսին բերման են ենթարկել, ապա տեղափոխել հոգեբուժական կլինիկա։