Այս շաբաթ Սահմանադրական դատարանը հրապարակեց ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած դիմումի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը ու արձանագրեց, որ առողջապահության նախարարի՝ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանում քաղաքացին այն պետք է հանձնի «իր հաշվին» ձևակերպումը հակասահմանադրական է: Հենց այստեղ սկսեցին տարատեսակ մեկնաբանությունները:
Ընդդիմադիրները համոզված են, որ եթե բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչել հրամանի այն հատվածը, որը պարտադրում է քաղաքացուն բացառապես իր հաշվին թեստ հանձնել, նշանակում է, որ այդ պարտավորությունն ընկնում է պետության վրա: Կառավարությունից մինչդեռ հակադարձում են՝ ՍԴ-ն պարզապես շեշտում է, որ ոչ միայն քաղաքացին կարող է իր ՊՇՌ թեստի համար վճարել, այլ ցանկացած այլ սուբյեկտ ևս: Մեկի դեպքում գուցե դա լինի ընտանիքի անդամը, մյուսի դեպքում գործատուն, երրորդի դեպքում՝ բարերարը կամ պետությունը: Այսինքն, չի կարելի սահմանափակել քաղաքացու թեստի համար վճարողների շրջանակը, բայց միևնույն ժամանակ կարծում են, որ այդ որոշումը չի էլ պարտադրում պետությանը կամ գործատուին վերցնել թեստավորման վճարի բեռը:
Այս վեճը ենթադրաբար կլուծվի, երբ ՍԴ-ն հրապարակի որոշումն ամբողջությամբ՝ հիմնավորումներով և պարզաբանումներով: Մինչև այդ Հայաստանը շարունակում է մնալ քովիդ նարնջագույն գոտում: Պատվաստվելու կամ թեստի բացասական պատասխան ներկայացնելու որոշումից հետո թեև տեմպերը փոխվեցին, բայց ամբողջությամբ պատվաստված է չափահաս բնակչության դեռ 29 տոկոսը, մինչդեռ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար առնվազն 80 տոկոսի պատվաստման կարիք կա: