Երևանի ավագանու այսօրվա նիստում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:
Երդման պաշտոնական մասից հետո նրան հանձնվեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան։
Իր ելույթում նորընտիր քաղաքապետը շնորհակալություն հայտնեց վստահության համար: Նրա խոսքով՝ մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա Երևանի քաղաքապետի պաշտոնը:
«Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ ու հիմնարար լուծումների կարիք ունեն, և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մեր մայրաքաղաք Երևանի հետագա կայուն զարգացումը: 2018 թվականի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են: Եվ մեր նպատակն է, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ, իրագործել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրերը:
Քաղաքի կառավարումը և ենթակառուցվածքների զարգացումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունեն և պետք է հիմնված լինեն արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների և ամենօրյա նվիրված աշխատանքի վրա: Շատ կարևորում եմ ներդաշնակ և արդյունավետ համագործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների միջև։ Լիահույս եմ և ակնկալում եմ ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական և հասարակական կառույցների կողմից աջակցությունը Երևանի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Եվ ամենակարևորը՝ ակնկալում եմ երևանցիների, Հայաստանի այլ համայնքների բնակիչների, Արցախի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը մեր բոլորի մայրաքաղաք Երևանի զարգացման գործում: Շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար»,- հայտարարեց Հրաչյա Սարգսյանը։