Երևանի 56-րդ նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ստանձնելով պաշտոնը, երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման ու բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները:
Հայոց 12 մայրաքաղաքների անունների առաջին տառերով զարդարված քաղաքապետի լանջաշղթան, ինչպես կարգն է, երդմնակալության օրը դուրս է բերվում Երևանի թանգարանից:
Նորընտիր քաղաքապետը կարևորեց ներդաշնակ ու արդյունավետ գործակցությունը քաղաքական և գործադիր ինստիտուտների հետ:
Հրաչյա Սարգսյան - Մեր նպատակն է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա համագործակցելով «Բարգավաճ Հայաստանի» ու «Լույսի» հետ՝ իրականացնել հավակնոտ, բայց և իրատեսական ծրագրերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորընտիր քաղաքապետին շնորհավորեց ու հիշեցրեց՝ ինքն էլ ժամանակին թեկնածու է եղել և պատկերացնում է, թե ինչպիսի բարձր պատիվ է լինել մայրաքաղաքի ղեկավար: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններում Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցաբերեց Հայաստանի տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին: Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանի 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում ընտրություններ՝ համամասնական կարգով, որը համապատասխանում է երկրի կառավարման մոդելին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ուզում եմ արձանագրել, որ այն ծրագիրը, որը 2018 թվականից իրագործվում է Երևան քաղաքում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը, պետք է ընդգծեմ՝ մեծ մասամբ բխում է «Ելք» դաշինքի Երևանի ավագանու ընտրությունների 2017 թվականի ծրագրից: Եվ զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են Երևան քաղաքում, ահա, իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում, որովհետև դեռ 2018 թվականին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականը և արձանագրումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվեն այն նախընտրական ծրագիրը և այն նախընտրական ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռևս 2017 թվականին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20 տոկոս ձայն է ստացել:
Վարչապետը հիշեցրեց՝ 2018-ից ի վեր Կառավարությունը, ֆինանսական տարբեր գործիքներով, շուրջ 50 մլրդ դրամի հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին: Եվ ոչ այն պատճառով, որ Երևանի ավագանիում իշխող քաղաքական թիմն ունեցել է մեծամասնություն, այլ կարևորել են ինստիտուտի կայացումը: Եվ փոքր-ինչ շեղվելով թեմայից՝ վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրեց կարևոր փաստի վրա՝ վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այնտեղ, որտեղ գործող քաղաքապետները մասնակցել են ընտրություններին, մեծ մասում հաղթել են:
Նիկոլ Փաշինյան - Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի՝ առաջինը, որ որևէ մակարդակի ընտրությունների արդյունքները Հայաստանի Հանրապետությունում չեն կեղծվում, երկրորդը՝ մենք սուբվենցիոն համակարգերի ներդրմամբ հստակ ուղերձ ենք հղել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ չի լինելու ՏԻՄ, այսինքն՝ համայնքների զարգացմանը, իրոք, նպաստող որևէ ծրագիր, որ Կառավարության կողմից կմերժվի: Այդ սկզբունքը պահել ենք, պահում ենք և պահելու ենք, երրորդը՝ համայնքների ավագանու նոր ընտրակարգ հանրապետության ամբողջ տարածքում ներդնելով՝ մենք համայնքների գործող ղեկավարներին ինստիտուցիոնալ ավելի մոտիկ ենք դարձրել ժողովրդին, որովհետև ավագանու անդամների գործունեությունը, ըստ էության, հանրային, հասարակական գործունեության տեսակ է, որի նշանակությունը քաղաքացու և քաղաքապետի կապն ապահովելն է: Եվ այդ կապի՝ ավագանու, ժողովրդի և համայնքի ղեկավարի կապի խզումն ուղղակի ինստիտուցիոնալ առումով անհամատեղելի է:
Արդեն լրագրողների հետ զրույցում քաղաքապետը վստահեցրեց՝ չի պատրաստվում անդամակցել ՔՊ կուսակցությանը, անկուսակցական է և այս պահին քաղաքապետի պարտականությունները ստանձնել է, որպեսզի կառավարի այն ծրագրերը, որ սկսել է: Առաջիկայում կարևոր անելիքներ կան, մասնավորապես, տրանսպորտային ցանցում:
Հրաչյա Սարգսյան - Ինքը ուղղակի երթևեկության փոփոխություն չի, ինքը պարկերի ձևավորում, համալիր գործողություն ա:
Քաղաքապետարանում առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն՝ հաստատեց նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հրաչյա Սարգսյան - Այո՛, կադրային փոփոխություններ կլինեն, ցանկացած կառավարիչ իր ոճով է կառավարում, ու նորմալ է, որ կլինեն, ես չեմ կարող ասել, թե որ վարչական շրջաններում, բայց Շենգավիթի ղեկավարից գոհ եմ:
Սարգսյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: Հարցին՝ արդյոք կօգտվի՞ պարգևավճարներից, նշեց՝ այլ եկամուտներ չունի, բիզնեսմեն չէ, հետևաբար, չի հրաժարվի պարգևավճարներից, եթե դրա նման թեմա լինի: