ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը` հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի նախագահները:
ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏԱԼԻՍ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան որոշել է հրաժարական տալ՝ հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Խորհրդարանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Շալվա Պապուաշվիլին: Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Կախա Կուճավան շարունակում է մնալ իրենց քաղաքական թիմի ղեկավարներից և կուսակցության քաղխորհրդի անդամ ու շարունակելու է աշխատել շատ կարևոր պետական նախագծի ուղղությամբ:
ԻՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ
Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Իրանի պաշտպանական հնարավորությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարությանը՝ այն որակելով միջամտողական: Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ Թեհրանը գործում է միջազգային օրենքների և կանոնակարգերի շրջանակում և իր պաշտպանական կարիքներին համապատասխան:
Դատապարտելով Իրանը որպես տարածաշրջանային սպառնալիք ներկայացնելու բրիտանացիների ջանքերը՝ Խաթիբզադեն նշել է, որ տարածաշրջանում անկայունությունն ու անապահովությունը, ներառյալ Եմենում հումանիտար աղետը, Բրիտանիային և եվրոպական այլ երկրների հնարավորություն են տվել տարածաշրջանի որոշ երկրների արդիական սպառազինություն վաճառել՝ լիովին գիտակցելով, որ այդ զենքով խախտվելու է միջազգային և մարդասիրական իրավունքը:
ԱՄՆ-Ը ՌԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԿՓՈԽԱՆՑԻ ԿԻԵՎԻՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն աշխատում է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելու ծրագրի ուղղությամբ, որպեսզի վերջինս ավելի օպերատիվ արձագանքի Ռուսաստանի հնարավոր գործողություններին: Այդ մասին գրել է New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ նախատեսվող տեղեկատվությունը կներառի պատկերներ, որոնք ցույց կտան, թե արդյոք ռուսական զորքերը պատրաստվում են հատել սահմանը։ New York Times-ի աղբյուրները նշել են, որ ամերիկյան հետախուզական ծառայություններն արդեն իսկ մեծ քանակությամբ տվյալներ են տրամադրում Կիևին: Ըստ թերթի զրուցակիցների՝ այդ տվյալների տրամադրման արդյունքում Ուկրաինան կարող է առաջինը հարված հասցնել:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Այսօր քրիստոնյա աշխարհի մի մասը նշում է Սուրբ Ծնունդը: Արդեն երկրորդ տարին է՝ կորոնավիրուսի տարածման տեմպերը թույլ չեն տալիս, որ տոնը նշվի ամբողջ շուքով: Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել
ավելի մեծ համերաշխություն ցուցաբերել աղքատության մեջ ապրողներին: Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածմամբ պայմանավորված՝ այս տարի ևս արարողությանը քիչ թվով մարդիկ են ներկա եղել: Բեթղեհեմ քաղաքում նույնպես, որը համարվում Է Հիսուս Քրիստոսի ծննդավայրը, սկսվել են Սուրբծննդյան հանդիսությունները՝ մեծապես տարբերվելով նախահամավարակային շրջանի ծավալներից: Սահմանափակումների հետևանքով բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվել: