Հռոմի Պապը Սուրբծննդյան ուղերձում կոչ է արել մարդկությանը եղբայրական երկխոսություն վարել, որը «հենց Տիրոջ մարմնացումն է և կարող է հանգեցնել միջազգային հակամարտությունների լուծմանը»:
Ելույթ ունենալով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված մարդկանց առջև՝ Ֆրանցիսկոս Պապը շեշտել է համավարակի ժամանակ երկխոսության կարևորությունը: Նա նշել է, որ համավարակի ի հայտ գալուց հետո աշխարհում սոցիալական հարաբերություններ պահպանելու՝ մարդկանց ունակությունը ծանր փորձության է ենթարկվել, երբ մարդիկ ավելի հաճախ են փակվում տներում և հրաժարվում հանդիպել:
Պապը խոսել է նաև հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ երկխոսության մասին: Ֆրանցիսկոս Պապն առանձնացրել է Սիրիան, Իրաքը, Լիբիան, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրները, որոնց ժողովուրդներն ապրում են հակամարտության պայմաններում:
«Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց հույսն ավելի ուժեղ է»,- ասել է Հռոմի Պապը: