Մարզվելու համար այլևս պարտադիր չէ սրահ այցելելը: «Ներուժ» ծրագրի մրցանակակիր Գարիկ Գալստյանն ընկերների հետ գործարկել է «Մարաթոն» ստարտափը, որի միջոցով կարելի է մարզիչ ընտրել և մարզվել տանը: Ծրագրի գաղափարը Գարիկը ներկայացրել է 2019 թվականին՝ մինչև կորոնավիրուսի համավարակը:
Գարիկ Գալստյան («Մարաթոն» ստարտափի համահիմնադիր)
- Արդեն այդ ժամանակ տենդենցը շատ մեծ էր, ահռելի մեծ քանակությամբ օգտատերեր տարբեր հարթակներով՝ Ֆեյսբուքով, Ինսթագրամով, սոցիալական ցանցերով ման էին գալիս մարզիչների, որ մարզվեն իրենց հետ: Իսկ համավարակի սկսվելուց հետո թիվը մոտ 10 անգամ ավելացել է:
Գարիկն ընտանիքով Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան: Երկու տարում գործընկերների հետ սկսել և գրեթե ավարտին են հասցրել ստարտափը:
Գարիկ Գալստյան - Թեստավորել ենք այդ ծրագիրը, նորից ենք սկսել, մի քանի փուլերով արդեն անցել ենք, ու հավելվածը 2-3 ամսից պատրաստ կլինի: Իսկ նրա վեբ տարբերակը, որտեղ կարող եք մտնել ու մարզիչների ցուցակը տեսնել, նրանցից գնել մարզման փաթեթներ, արդեն պատրաստ է հիմա, այս պահին:
Ծրագրի մարզիչներից մեկը Աննան է, որի դասերն արդեն հասանելի են կայքում marathon.me կայքում: Առցանց դասավանդում է երկու տարի, ծանոթ է բոլոր առավելություններին:
Աննա Զախարյան (ֆիթնեսի մարզիչ) - Ժամանակ չենք ծախսում տեղափոխվելու վրա ու կարող ենք յուրաքանչյուր ժամի մարզվել: Այսինքն՝ մարդիկ կան, որոնք աշխատանքից վերադառնում են տուն, միացնում են տեսանյութը, մարզվում են և անցնում են իրենց առօրյա գործերին:
Մարզչի համար օնլայն մարզումների առանձնահատկություններից մեկն էլ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին ներառելու հնարավորությունն է:
Աննա Զախարյան - Ես՝ որպես հայ մարզիչ, ապրելով Հայաստանում, կարող եմ աշխատել դրսում բնակվող ցանկացած մարդու հետ, ով ուզում է մարզվել:
2019 թվականին «Ներուժ»-ում հաղթած և հայրենադարձվածներից է նաև Մարիան: Էստոնիայում տեխնոլոգիական ընկերություն հիմնելուց հետո եկել է փորձը կիրառելու նաև հայրենիքում:
Մարինա Աղայան («Էյ Այ Փի թեք» ընկերության համահիմնադիր) - Էստոնական ընկերության նմանատիպն էինք ուզում ստեղծել Հայաստանում, որն իրենից ներկայացնում էր տիեզերական գործակալությունների համար պրոտոտիպներ ստեղծել, և ունեինք պրոդուկտ, որը զարգացման փուլում էր, որպեսզի պատրաստեինք էլեկտրամեկուսիչ մասեր՝ տիեզերանավերի, միկրոսկոպների և այլ էլեկտրոնիկաների համար:
Հաղթած ստարտափի աշխատանքներից և տիեզերական ընկերությունների համար եռաչափ տպիչով դետալներ ստեղծելուց բացի, 44-օրյա պատերազմից հետո Մարիան և իր թիմը սկսել են նաև այլ առաքելություն իրականացնել:
Մարինա Աղայան - Քանի որ շատ իմպլանտների կարիք զգացվեց, մենք սկսեցինք իմպլանտների արտադրություն, և կազմակերպությունն արդեն իր ամբողջ ներուժով այդ ոլորտում խորացավ:
Սփյուռքում բնակվող ստարտափերներին իրենց ծրագրերը կյանքի կոչելու և հայրենադարձվելու հնարավորություն ընձեռող «Ներուժ» ծրագիրը կիրականացվի նաև 2022 թվականին:
Մխիթար Հայրապետյան («Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մենք կարողացել ենք գնահատել 2018-2019 թթ. իրականացված ծրագրերի արդյունավետությունը, և դա հանգեցրել է այն մտքին, որ կառավարությունը պետք է շարունակի այս ծրագիրը: Եթե մենք համադրում ենք ծախսված ու ներդրված գումարը և այն արդյունքը, որ այս ծրագիրը տալիս է, ապա միանշանակ կարելի է համարել, որ ծրագիրը հաջողված է:
Կառավարությունն այս տարի ծրագիրը կիրականացնի «Իմ քայլը» հիմնադրամի ու ներդրողների աջակցությամբ: Մխիթար Հայրապետյանը նպատակ ունի «Ներուժ-3»-ի աշխատանքներին տարբեր ձևաչափերով ներգրավել նաև նախորդ տարիների մրցանակակիրներին:
Մխիթար Հայրապետյան - Կառավարությունը հիմնականում լոգիստիկ ծախսերը կհոգա, և ամբողջ դրամաշնորհային հատվածն «Իմ քայլը» հիմնադրամը կհոգա, ինչպես նաև նոր ներդրումային ֆոնդերի կփորձի ներգրավել, եթե ունենանք հաջողված և մեծաքանակ հայտեր:
«Ներուժ-3» ծրագրի նախապատրաստական աշխատանքը և հայտերի ընդունումը կիրականացվեն եկող տարվա սկզբին, մրցույթը կամփոփվի 2022 թվականի աշնանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան