«Գրանիշ» գրական համայնքն ամփոփում է տարին, պարգևատրում 2021-ին աչքի ընկած լավագույն հեղինակներին ու թարգմանիչներին։ Տարվա գրական ձեռքբերումները քիչ չեն. գրական հարթակում ամբողջ տարվա ընթացքում հրապարակվել է 80 գրողի ավելի քան 70 արձակ, 60 էսսե, 70 պոեզիա և տարբեր լեզուներից մոտ 80 թարգմանություն։
Հասմիկ Հակոբյան, «Գրանիշ» գրական համայնքի գլխավոր խմբագիր - Նպատակ ունենք սրանով ամորֆ մթնոլորտը կոտրելու և ընդհանուրից ինչ-որ բան տարանջատելու նաև գրական աշխարհում, և սրա համար ենք սահմանել տարիներ առաջ այս մրցանակաբաշխությունը: Պոեզիա ավելի քիչ ենք այս տարի ստացել, ավելի շատ գրել են պատմվածքներ, շատ թարգմանություններ ենք ունեցել:
Այս տարի ստեղծագործողների մեծ մասը երիտասարդներ են եղել, գրել հիմնականում պատերազմի և խաղաղության մասին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Գրանիշում» հրապարակված լավագույն ստեղծագործությունները հրապարակվել են նաև առանձին գրքերով։
Արմեն Սարգսյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ - «Գրանիշը» նախարարության դրամաշնորհին է արժանանում արդեն մի քանի տարի իր գործունեության համար: Ի դեպ, պիտի ասեմ՝ վերջին երկու տարում այդ աջակցությունը մի քանի անգամ ավելի է շատ եղել, որպեսզի խմբագրությունը հրապարակումների համար կարողանա վճարել հոնորարներ:
«Պոեզիա» անվանակարգում լավագույնը բանաստեղծ Հուսիկ Արան է: Նրա «Մուգ կարմիր սյուիթ» բանաստեղծական շարքը 44-օրյա պատերազմում զոհված տղաների մասին է. երախտիքի խոսք, որը գրական հարթակում 2021-ին ամենաշատն է կարդացվել ու քննարկվել:
Հուսիկ Արա, բանաստեղծ - Մրցանակը շատ ոգևորող է: Եթե ֆինանսական աջակցություն կա, դա որոշակի ապահովվածությունն է, բայց ես «Գրանիշի» մրցանակն եմ շատ արժևորում, որն ամենալավ, ամենաթանկ նվերն է տալիս՝ գիրք: Շատ խորհրդանշական ու լավ մրցանակ է:
«Գրանիշը» նաև հարթակ է երիտասարդ ստեղծագործողների համար, որոնք գրականության ոլորտում իրենց առաջին քայլերն են անում՝ գրում, թարգմանում, քննադատում: Տարվա լավագույններին խրախուսելն էլ նպատակ ունի նոր խթան դառնալ, որ հաջորդ տարի ավելի շատ ստեղծագործեն: