400 մլրդ դրամ․ այսքան գումար՝ շուկայում առկա խնայողություններից Հայաստանի ֆոնդային բորսան տարեսկզբից միայն պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի միջոցով է ներգրավել։ Սխալ է կարծիքը, թե երկրում ազատ փող չկա․ իրականում կա և շատ՝ ասում է AMX-ի տնօրենը։
Հայկ Եգանյան (AMX գլխավոր տնօրեն) - Ամենամեծ պետական պարտատոմսի աճուրդը, որ տեղի է ունեցել, եղել է 50 մլրդ դրամ. դրանք 10 տարվա պարտատոմսեր են, դա տեղի է ունեցել ամառը։
Բորսայի այս սենյակում են հետևում՝ պետությանը պարտքով տված փողի համար ֆինանսների նախարարության թողարկած արժեթուղթ ձեռք բերողը հետո երկրորդային շուկայում ում և ինչ գնով է այն վաճառում։ Ի դեպ, վերջին 5 տարում շուկայի դրամային ծավալը կրկնապատկվել, հատել է 1 տրիլիոն 184 մլրդ-ի շեմը։ Ավելացել է նաև մասնակիցների թիվը։ Մարդ կա՝ խնայած փողը ոչ թե բանկում ավանդ է դնում, այլ պարտատոմս առնում, քանի որ դրա տոկոսագումարը երբեմն ավելի շատ է ստացվում, որովհետև, ի տարբերություն ավանդի, պարտատոմսից ստացվող եկամուտը չի հարկվում։
Այստեղ ոգևորված են․ վերջապես բիզնեսն էլ է սկսում ակտիվանալ ֆոնդային բորսայում։ Կոորպորատիվ պարտատոմս թողարկած մի ընկերություն այս տարի շուկայից ռեկորդային չափի՝ 15 մլրդ դրամ է ներգրավել։ Այդքան փող բանկերը եթե վարկ տային էլ, պարտադիր գրավ էին ուզելու։ Այս դեպքում գրավ չկա․ գումար տվողները նայում են՝ տնտեսվարողը շահույթով աշխատող լինի, աուդիտ անցած, լավ բիզնես-պլան ունենա։ Վստահության այդ շեմը հաղթահարած 21 կազմակերպություն, ըստ Հայկ Եգանյանի, արդեն 105 կոորպորատիվ պարտատոմս ունի թողարկած։
Հայկ Եգանյան - Սկզբից բանկերն էին, հիմա տեսնում ենք միտում, որ բանկերից դառնում են ոչ բանկային տնտեսվարողները՝ «Զանգեզուր», «Սպայկա», «Յուքոմ», հիմա՝ «Ասկե գրուպ», և կա հետաքրքրություն շինարարական մեծ պրոյեկտ ունեցող ընկերությունների կողմից:
Որպեսզի «Նասդակի» և միջազգային մյուս հարթակների պես ֆոնդային բորսան Հայաստանում էլ դառնա տնտեսության ինդիկատոր, AMX-ում այս տարվանից, տարածաշրջանում առաջինը, ներդրել և օրվա կտրվածքով կորպորատիվ պարտատոմսերի բորսայական ինդեքսներ են հաշվում-հրապարակում։ Դրանք կարող են կողմնորոշիչ լինել թե՛ ներսի, թե՛ դրսի ներդրողների համար, մանավանդ որ՝ Կենտրոնական դեպոզիտարիայում գործող ծրագիրը թույլ է տալիս Հայաստանից արտասահմանյան արժեթուղթ գնել, դրսից՝ մեր թողարկածը։
Նվարդ Կարապետյան (Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի դեպոզիտար ծառայությունների վարչության մասնագետ) - Հնարավորություն է տալիս համակարգը նաև օտարերկրյա ներդրողներին՝ կատարել ՀՀ ընկերությունների թողարկած ցանկացած տիպի արժեթղթերում ներդրումներ, դրանց ձեռքբերում, հետագայում նաև գործարքներ։
Գործարքների աշխուժացման հետ՝ Հայաստանի բորսայում սկսել են թարմացնել առևտրային հարթակները, դրանցում ավելի մեծ տեղ տալ IT լուծումներին։
Հայկ Եգանյան - Հունվար-փետրվարին 3 տարվա աշխատանքից հետո կարողանալու ենք ներդնել լրիվ նոր հարթակ, որի միջոցով դուք հեռախոսի, վեբ-կայքի միջոցով կարողանալու եք առևտուր իրականացնել՝ նման էկրանի միջոցով:
Մյուս նորությունը, որ խոստանում են, Քովիդի ու պատերազմի պատճառով ձգձգված և արդեն մոռացվող՝ Վարշավայի բորսայի կողմից AMX-ի բաժնեմասի գնումն է։ Լեհերը, պարզվում է, դեռ հետաքրքրված են մեր ֆոնդային շուկայով։