ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ. չպատվաստված աշխատողները պարտավոր են իրականացնել թեստավորում՝ այսպես է Կառավարությունն արձագանքել Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը:
Նշվում է, որ ՊՇՌ թեստավորման պահանջը օրինական է, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչել միայն նախարարի հրամանի՝ «իր հաշվին» բառակապակցությունը, ինչը չի վերացնում ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը։
«Չի նախատեսվում արտոնյալ և անվճար պայմաններով ապահովել ՊՇՌ թեստավորումը, հետևաբար նախարարի հրամանից ելնելով՝ չպատվաստված աշխատողները ամեն դեպքում պարտավոր են թեստավորվել»,- ասվում է հայտարարությունում։
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը՝ նշելով. «ՍԴ որոշմամբ ո՛չ պետությունը, ո՛չ գործատուն չեն պարտավորեցվել վճարել աշխատողի ՊՇՌ հետազոտության համար»:
«Ինչը ենթադրում է, որ եթե աշխատողը ՊՇՌ հետազոտությունը ցանկություն ունենա անցնելու մեկ այլ անձի հաշվին՝ կլինի բարեկամ հարազատ, մերձավոր ազգական կամ բարի կամքի դրսևորող այլ անձ, որը կտա իր համաձայնությունը՝ ապահովելու աշխատողի կողմից ՊՇՌ հետազոտություն անցելու դիմաց վճարումը, ապա աշխատողը կարող է այդ վճարումը իրականացնել ոչ միայն բացառապես իր միջոցների հաշվին, այլ նաև նման կամք հայտնած այլ անձանց միջոցների հաշվին»,- ասել է ՀՀ Աննա Մկրտումյանը:
Հիշեցնենք, որ Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, ըստ որի՝ չպատվաստված աշխատողներն իրե՛նց հաշվին պետք է թեստավորվեն:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան