Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է հաղորդակցության ուղիների վերաբացմանը։
«Ճանապարհների հարցը կուզեի բաժանենք մի քանի մասի։ Առաջինը իրավական կարգավորումների խնդիրն է։ Եթե մենք իրավական կարգավորումների խնդրով գալիս ենք համաձայնության, մնացած հարցերը դառնում են տեխնիկական։ Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ պետք է ճանապարհ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող, բայց ուզում եմ, որ դիտանկյունը փոխենք, որովհետև սա տեղի է ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանության մեջ։
Մեր ընկալմամբ՝ սա ոչ միայն ուղղակի ճանապարհ է Ադրբեջանի արևմտյան հատվածները Նախիջևանի հետ կապող, այլև սա նոր, միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաև Հայաստանը։
Հետևաբար, երբ համաձայնության գանք Ադրբեջանի հետ իմ նշած հարցերի շուրջ, մենք պետք է նաև մեր դիտակետն այն տրամաբանությամբ վերանայենք, որ պիտի ունենանք մեր տեսանկյունից մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար, որովհետև դա Հայաստանին կբերի կոնկրետ օգուտներ։
Այս համատեքստում է, որ մենք չենք բացառել ու չենք բացառում նոր ճանապարհի կառուցումը, որը, մեր տեսանկյունից, կլինի միջազգային հաղորդակցության կարևոր ուղի: Մեր նպատակադրումն է՝ մեր ունեցած «Հյուսիս-հարավ» նախագիծն իր բովանդակության և էության մեջ ընդլայնել և այն դարձնել ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևելք-Արևմուտք, այսինքն՝ մոտավորապես խաչաձև ճանապարհ, որն էականորեն կմեծացնի այդ ճանապարհի նշանակությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով քաղաքացիների անվտանգության երաշխիքների մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուղեկցումները հնարավոր տարբերակներից մեկն է։