Թուրքիան չի անտեսի Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները, չնայած Կիևի և Մոսկվայի միջև լարվածության պայմաններում Ռուսաստանի հետ սերտ կապերին, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն և նշել, որ լարվածությունը լուծելու համար անհրաժեշտ է դիվանագիտություն՝ հայտնում է РИА Новости-ն։
«Ռուսաստան-Ուկրաինա և Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունը վտանգավոր չափերի է հասել: Միայն այն, որ մենք համապարփակ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, չի նշանակում, որ անտեսելու ենք մեր սկզբունքներն ու սերտ հարաբերությունները Ուկրաինայի հետ: Նման բարդ հարցերը լուծելիս մենք հաշվի ենք առնում մեր ազգային անվտանգությունը: Դա բարդ աշխատանք է, բայց հենց դրա համար է դիվանագիտությունը»,- ասել է Չավուշօղլուն տեսակոնֆերանսի միջոցով կայացած Միջազգային անվտանգության ակադեմիայի հանդիպմանը:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերին և ընդգծել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակն ունեցող երկիրն է, միաժամանակ հինգերորդը՝ դաշինքի գործողություններում և առաքելություններում ներգրավվածությամբ: Չավուշօղլուի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ն պետք է շարունակի լինել եվրատլանտյան անվտանգության առանցքային մաս, իսկ ԵՄ-ն չի կարող դրա այլընտրանքը լինել: