Ռուբեն Ռուբինյանի կրթությունը, անցած քաղաքական ճանապարհը, բավականին ծանր փորձառությունը բավարար են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում գլխավոր բանակցող լինելու համար։ Այս մասին այսօր պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս բանակցություններում շատ կարևոր է, որ բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ։ Կարծում եմ, որ դժվար է մեր քաղաքական որևէ թիմի անդամի ասել փորձառություն չունեցող, որովհետև վերջին 3 տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որ գուցե տասնամյակների փորձություն է։ Մյուս կողմից, ես արդեն ասացի, որ պարոն Ռուբինյանը միայնակ այդ պրոցեսը չի տանելու։
Մեր դիվանագիտական կորպուսից ԱԳՆ-ում ձևավորվելու է թիմ, որն ամբողջ պրոցեսն իրականացնելու է։ Այսինքն՝ պարոն Ռուբինյանը գլխավոր բանակցողն է, բայց դա չի նշանակում, թե մեր փորձությունից ու փորձառությունից այս ամենը կտրված է»,- ասաց Փաշինյանը։
Հնարավո՞ր է՝ հայկական կողմը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Լրագրողներից մեկի հարցն էր՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հայաստանի բոլոր իշխանություններն առանց բացառության ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել։ Մեր կառավարությունն այդտեղ կրկնել է նախադասությունը, որը ձևակերպված է 90-ականների սկզբից, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Այսինքն՝ առանց նախապայմանների նշանակում է՝ մենք չենք ասում՝ կճանաչեք ցեղասպանությունը՝ հարաբերությունները կկարգավորվեն, չեք ճանաչի՝ հարաբերությունները չեն կարգավորվի»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Փաշինյանը նշեց, որ այն հստակ ձևակերպված է Կառավարության ծրագրում։