ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերվում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ։
«Եթե մենք տեսնելու ենք հեռանկարը՝ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, դա թեմա է, որը մենք լրջորեն կդիտարկենք։ Այսինքն՝ բոլոր դեպքերում մենք կդիտարկենք, եթե այդպիսի պաշտոնական գործընթաց լինի, բայց մեր դիրքորոշումը կախված կլինի այն պրոցեսից, այն խոսակցության շարունակության ուղղությունից, որի մասին ես ասում եմ։ Ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել, որովհետև նախ՝ հարցը, համենայն դեպս, պաշտոնապես սեղանին չէ, բայց եթե նույնիսկ սեղանին է, մեզ համար դա պրոցես է, որի նկատմամբ վերաբերմունքը կախված կլինի մեր այն խոսակցությունից:
Եթե մենք տեսնենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին, այն է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել, բնականաբար, Արցախի հարցի կարգավորման հեռանկարը, կոմպրոմիսների հնարավորությունը և այլն, այսինքն՝ դա ընդհանուր համատեքստում պետք է լինի։ Եթե մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»,- ասաց Փաշինյանը։