Խորհրդարանական ընդդիմությունը չի ցանկանում հավելյալ մեկնաբանել վարչապետի՝ փակ հանդիպման առաջարկը մերժելու մասին հայտարարությունը:
«Հայաստան» խմբակցության քարտուղարը միայն փոխանցեց՝ ավելացնելու ոչինչ չունեն:
Երեկ հայտնի դարձավ, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի միջոցով ստացել են Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը դռնփակ ռեժիմով քննարկելու առաջարկը, ու երկու խմբակցությունն էլ, ինչպես ասված է հայտարարությունում, վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ փակ հանդիպումները աննպատակահարմար են։
Մերժման պատճառների մասին չցանկացավ խոսել նաև «Պատիվ ունեմ»-ի ղեկավարը: Արթուր Վանեցյանն ԱԺ-ում չէր, բայց օգնականի միջոցով փոխանցեց՝ հայտարարությունում ամեն ինչ ասված է, ավելացնելու այլ բան չունի: Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը փակ հանդիպման էր հրավիրել դեռ Բրյուսել մեկնելուց առաջ՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Վարչապետն առաջարկել էր քննարկում կազմակերպել, երբ վերադառնա ԵՄ մայրաքաղաքից, որտեղ կայանալու էր Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ընդդիմության մերժման պատճառներն անհասկանալի է որակել ԱԺ փոխնախագահը:
Հակոբ Արշակյանն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ ընդդիմադիր պատգամավորները բազմիցս նշել են վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպման անհրաժեշտությունը, այդ նպատակով անգամ արտահերթ նիստ են նախաձեռնել։
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Պատճառաբանությունը, թե, իբր, բաց քննարկման անհրաժեշտություն կա՝ անհիմն է՝ հաշվի առնելով, որ ԱԺ յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ նման քննարկում՝ հարց-պատասխանի ֆորմատով, տեղի է ունենում։ Նման բաց ֆորմատով, սակայն հասկանալի պատճառով, բանակցային պրոցեսի բազմաթիվ նրբություններ չեն կարող բարձրաձայնվել։
Հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում և բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին՝ ինքնին ապացուցում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին և ներկա իրավիճակին և մանրամասներին:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երեք հանդիպում են ունեցել, սկզբում Սոչիում՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, հետո արդեն Բրյուսելում՝ նախ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, ապա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։ Այդ հանդիպումներից հետո հայտարարվեց, որ հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի հարցում, իսկ ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հստակեցրեց՝ առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մինչև տարեվերջ հնարավոր է՝ մեկ անգամ էլ հանդիպեն՝ արդեն դեկտեմբերի վերջին, Սանկտ Պետերբուրգում սպասվող ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքի ժամանակ: