ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Այգեզարդ գյուղի երկու բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և խուլիգանություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգն «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է 2021 թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:15-ին, որով ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժինը տեղեկացվել է, որ բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի 2 բնակիչ, նրանցից մեկը՝ «Գանգուղեղային տրավմա, կոմա», մյուսը՝ «Գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Այգեզարդ գյուղի Պուշկին-Կոստան փողոցների խաչմերուկում նույն գյուղի 47-ամյա բնակիչն իր վարած ավտոմեքենայով բախվել է 25-ամյա համագյուղացու ավտոմեքենային, որից հետո իջնելով ավտոմեքենայից՝ ձեռքին եղած հրացանը պահել է երիտասարդի ուղղությամբ և հայհոյանքներ հնչեցրել: Նրանց միջև քաշքշուկ է առաջացել, որի ընթացքում կրակոց է արձակվել, իսկ 25-ամյա երիտասարդը, հրացանը խլելով համագյուղացու ձեռքից, խզակոթով հարվածել է վերջինիս գլխին:
Վիճաբանությանը միջամտած անձանցից մեկը հարվածել է երիտասարդին, որից հետո վերջինիս եղբայրը մոտեցել և մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա գլխին:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է: