Սահմանամերձ Կապանի դրամատիկական թատրոնի՝ գերհզոր լուսային և ձայնային տեխնիկայով, բազմաֆունկցիոնալ տպագրական սարքով համալրումը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի, խմբի ղեկավար՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հերթական կարևոր և նշանակալի նախաձեռնությունն է մարզի համար։
Այդ մասին ասված է Կապանի դրամատիկական թատրոնի Ֆեյսբուքի էջում:
«Թատրոնը համալրվել է նոր, գերհզոր լուսային և ձայնային տեխնիկայով, բազմաֆունկցիոնալ տպագրական սարքով։ Շնորհակալ ենք այս հաճելի, միևնույն ժամանակ պարտավորեցնող քայլի համար։ Սա թատրոնի կատարած աշխատանքը գնահատելու և մեր ծավալած գործունեությունն արժևորելու մասին է։
Սա ևս մեկ շարժիչ ուժ է՝ մշտապես ստեղծագործելու, արարելու և քաղաքը մշակույթին մոտ պահելու համար։ Յուրաքանչյուրս իր տեղում, իր աշխատանքով պարտավոր ենք հզորացնել ու ոտքի կանգնեցնել մեր մի կտոր Հայրենիքը, որ բոլորիս կարիքն ունի»,- ասված է գրառման մեջ։