Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ամփոփեց 2021 թվականի աշխատանքը:
Նախադպրոցական կրթության ոլորտ
Կառավարության հնգամյա ծրագիրն ամրագրում է, որ երեխաների առնվազն 85 տոկոսը պետք է ընդգրկվի նախադպրոցական ծրագրերում, որը պետք է ապահովեն բոլոր բնակավայրերում:
Ժաննա Անդրեասյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Առաջին ծրագիրը, որի մասին կուզեի շեշտել, մոդուլային մանկապարտեզների ծրագիրն է, որի շրջանակում Կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկ, որտեղ կառուցվում են մոդուլային մանկապարտեզներ, և դրանք տարբեր փուլերում են:
Նախադպրոցական տարիքի փոքրաթիվ երեխաներ ունեցող 10 բնակավայր էլ ապահովվել է այլընտրանքային ծառայություններով: Ծրագիրն առաջարկում են համայնքները, իրականացնում պետական դրամաշնորհով: Անդրեասյանը բովանդակային բարեփոխումներից առանձնացրեց, օրինակ, նախադպրոցական կրթության չափորոշիչը, որից հետո մշակվել ու հաստատվել են կրթական ծրագրերը:
Առջևում դրանց փորձարկման հերթն է:
Ժաննա Անդրեասյան - Շատ ենք կարևորում ոլորտում վերապատրաստումների գործընթացը, և այստեղ էլ ունենք թե՛ նոր կարգերի մշակում և թե՛ պլանավորված աշխատանքներ, ըստ որի՝ արդեն եկող տարվանից կլինեն պարբերական վերապատրաստումներ պետական բյուջեի շրջանակում նույն տրամաբանությամբ, ինչպես որ իրականացվում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:
Քննարկվում է ատեստավորման համակարգ ներդնել նաև նախադպրոցական հաստատություններում՝ աշխատավարձերի բարձրացման հնարավորությամբ: Մշակված կարգերի համաձայն՝ նախադպրոցական հաստատությունների մանկավարժները կընտրվեն մրցույթով, իսկ տնօրենները կհավաստագրվեն:
Հանրակրթության ոլորտ
Միայն 2021 թվականին պետական միջոցներով կառուցվում, հիմնանորոգվում ու նորոգվում է 88 դպրոց: Ավելի քան 30 դպրոց հագեցվել է գույքով, հարյուրավոր դպրոցներ ապահովվել են լաբորատորիաներով ու համակարգիչներով:
Բովանդակային փոփոխությունների վերաբերյալ էլ Ժաննա Անդրեասյանն ասաց.
Ժաննա Անդրեասյան - Այս տարի Կառավարությունը հաստատել է հանրակրթության նոր պետական չափորոշիչ, որը հիմնված է կարողունակությունների կամ կոմպետեցիաների վրա: Սա նշանակում է, որ մենք գիտելիքից անցում ենք կատարել դեպի գիտելիք, արժեք, հմտություն, դիրքորոշում համակարգը՝ դրանով սահմանելով մեր պահանջը դպրոցից, որ երեխային բավարար չէ միայն գիտելիք տալ: Եվ մենք պետք է կարողանանք նաև կիրառական դարձնել գիտելիքը, և մենք կարևոր պատասխանատվություն ենք կրում նաև արժեքների և դիրքորոշումների դաստիարակության համար:
Այս տարի փորձարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը, որի շնորհիվ 30-50 տոկոսով բարձրացավ բավարար արդյունք գրանցածների աշխատավարձը: Փորձնական փուլից հետո քննարկվել են եղած խնդիրները և հաջորդ տարի հաշվի կառնվեն: Դրանք առաջին հերթին վերաբերում են թեստային առաջադրանքների ծավալին ու այդ առաջադրանքները կատարելու համար տրվող ժամանակին:
Ժաննա Անդրեասյան - Դա օպտիմալ հարաբերակցությունը չէր, այսինքն՝ ոչ թե անհնար էր այդ ծավալն անել այդ ժամանակում, այլ որ կարելի է ավելի օպտիմալ հարաբերակցություն սահմանել՝ մարդկանց մտածելու ավելի շատ ժամանակ ընձեռելու համար:
Քննարկվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը 108 հազար դրամից դարձնել 200 հազար, իսկ հավելավճարը կիրառել այդ գումարի նկատմամբ: Եթե սրան էլ գումարվի ուսուցչի որակավորման տարակարգի հավելավճարը, ապա ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել 400 հազար դրամի:
Այս տարվա նորություններից մեկն էլ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն է, որն ընդունվելու դեպքում ոլորտում քաղաքականությունը էապես կվերանայվի:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն
Այստեղ պետական քաղաքականությունն է՝ ավելացնել տնտեսության գերակա ուղղություններում պահանջարկ ունեցող մասնագիտությունները՝ կրճատելելով իներցիոն բնույթ կրող մասնագիտությունների տեղերը: Այս ուսումնական տարում ներդրված նոր մասնագիտություններն են.
Ժաննա Անդրեասյան - Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում, շահագործում, ռոբոտաշինության ուղղությամբ, գյուղացիական ֆերմերային տնտեսության կազմակերպման, անասնապահական և բուսաբուծության ուղղություններով, էլեկտրամոբիլային տրանսպորտի, տեխնիկական սպասարկման նորոգման ուղղությամբ:
Նախատեսվում է կամավոր ատեստավորման հնարավորություն ստեղծել նաև քոլեջների և ուսումնարանների հանրակրթական առարկաների ուսուցիչների համար:
Հեղինակ՝ Աննա Զախարյան