Թուրք ընդդիմադիր լրագրող Ասլը Այդընթաշբաշը The Washington Post-ում տպագրված հոդվածում Թուրքիայում իրականացվող տնտեսական քաղաքականությունը կոչել է «էրդողանոմիկա»՝ այն որակելով որպես նոր և զարգացող գիտություն։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
Լրագրողը նշել է, որ «էրդողանոմիկան» հենվում է տնտեսության անհավասարակշռված կառավարման, երկնիշ գնաճի, լղոզված վիճակագրությունների և անկանոն կարգի վրա։
«Նոր կարգի պայմաններում լիրան արժեզրկվում է, քաղաքացիներն իրենց խնայողությունները դոլարի են վերածում։ Արդյունքում ի հայտ եկած շուկայական անկայունությունը կառավարվում է գործարար աշխարհին ուղղված սպառնալիքներով, արտաքին ուժերի դեմ «ազատագրական պատերազմ» հայտարարելով և ներմուծման աննշան աճով»,- նշել է հոդվածագիրն ու շեշտել, որ «էրդողանական» Թուրքիայում մնացյալ ամեն ինչ անհաջողության դեպքում կարող է վերածվել կրոնի։
«Խնդրի հիմքում ընկած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախաձեռնությունը՝ վերցնել համաշխարհայնացված բարդ տնտեսությունը և այն ղեկավարել ինչպես էմիրություն՝ պետական ինստիտուտները փոխարինելով անձնական կառավարմամբ»,- նշված է հոդվածում։ Ըստ ընդդիմադիր լրագրողի՝ այդ խնդիրների պատճառը անցումն է նախագահական համակարգին: