ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում չի բացառել տարածաշրջանային թեմաների քննարկումը ԱՊՀ երկրների ղեկավարների տարեվերջյան ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը։
«Ձևաչափը ֆիքսված օրակարգ չի նախատեսում, այն անցկացվում է ազատ քննարկմամբ։ Ավանդույթի համաձայն, Համագործակցության երկրների ղեկավարները կամփոփեն կազմակերպության այս տարվա աշխատանքի արդյունքները, կնախանշեն հիմնական խնդիրները»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ավանդույթի համաձայն, ուշադրություն է դարձվում ԱՊՀ շրջանակներում բազմակողմ գործակցության խնդիրներին, ընթանում է դիրքորոշումների հաշտեցում հիմնական միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։
«Ցանկացած թեմա կարելի է քննարկել»,- նշել է Զախարովան։
Դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի կայքը: Հանդիպմանը մասնակցելու են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի ղեկավարները, ինչպես նաև Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: